Search
Close this search box.

Հրատապ հաղորդագրություն Արցախից․ Արցախի ԱԱԾ-ն հորդորում է կասկածելի անձանց հետ կապ չհաստատել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայության կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ:

Մասնավորապես, ադրբեջանական հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես արտասահմանյան վերլուծական կենտրոնի, գիտահետազոտական ինստիտուտի, կամ նման կազմակերպություններում բարձր դիրք ունեցող ազգությամբ հայ և հայրենասեր՝ սոցիալական ցանցի միջոցով շփում է հաստատում հիմնականում ԱՀ պետական համակարգում աշխատող, շփման լայն շրջանակ ունեցող քաղաքացիների հետ:

Որոշ ժամանակ շփվելուց հետո, առաջարկում է դրամական վարձատրության դիմաց ԱՀ վերաբերյալ գիտական հոդվածներ կամ վերլուծական զեկույցներ պատրաստել՝ շեշտելով, որ դրանք իբրև ծառայելու են ի շահ Արցախի: Նման առասպելով շփումների ընթացքում հետախուզական մարմնի ներկայացուցիչը հիմնականում փորձում է մեր քաղաքացու հետ հանդիպում կազմակերպել արտերկրում՝ նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու և հետագա համագործակցությունն ընդլայնելու պատրվակով:

Մեկ այլ դեպքում, հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես հայկական արմատներ ունեցող արտասահմանցի, սոցիալական ցանցի միջոցով շփումներ է հաստատում ԱՀ պետական համակարգում աշխատող անձանց հետ և հետևողական քայլերով ներքաշելով սիրային հարաբերությունների մեջ, փորձում է հանդիպում կազմակերպել արտերկրում:

Ընդ որում, կասկածներ չառաջացնելու նպատակով, վերջիններս վիրտուալ շփման ընթացքում անգամ չեն փորձում ԱՀ վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ կորզել:

Նույնանման մեխանիզմ կիրառվում է նաև Պաշտպանության բանակում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում:

Այս անգամ Ադրբեջանի հետախուզական մարմնի ներկայացուցիչները սոցիալական ցանցերի միջոցով շփումներ են հաստատում ՊԲ զինծառայողների հետ և, որպես կանոն, ստեղծելով վիրտուալ սիրային հարաբերություններ, կորզում են տեղեկություններ զորամասերի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական դիրքերում անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ՊԲ ներուժի և հնարավորությունների վերաբերյալ: