Search
Close this search box.

Արցախից հիվանդներին ՀՀ տեղափոխելու համար բանակցություններ են ընթանում. ԶԼՄ

Ապրիլի 29-ից առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին Արցախից Հայաստան չեն տեղափոխում, որոշումը Կարմիր խաչինն է։ Ապրիլի 29-ին վերջին անգամ ենք շարժվել միջանցքով։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը։

«Լաչինի միջանցքով տեղափոխությունները ժամանակավորապես դադարեցված են, որովհետև հիմա բոլոր որոշում կայացնողների հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի ընդհանուր համաձայնության գան, հասկանանք, թե ինչ պայմաններում մենք կարող ենք որպես չեզոք, մարդասիրական կողմ իրականացնել մեր գործունեությունը։ Մենք չեզոք միջնորդ ենք, մենք պետք է այդ մարդկանց անվտանգությունն ապահովենք, երաշխավորենք և դրա համար մեզ պետք է, որ բոլոր կողմերը համաձայնության գան նույն պայմանների շուրջ»,-նշել է նա:

Լրատվամիջոցի այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կթողնի, որ տեղափոխություն իրականացվի, վերջինս պատասխանել է` հարցի հասցեատերը ինքը չէ։

«Բանակցություններն ընթանում են, թե ով, ինչ որոշում կկայացնի վերջում, իրավիճակը ցույց կտա»,-ընդգծեց Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախում Հակարի գետի կամրջի մոտ անցակետ է տեղադրել, որի արդյունքում ամբողջությամբ կտրվել է Հայաստան-Արցախ կապը։ Ավելին, արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ: