Search
Close this search box.

Վրաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Վրացական կողմն այս տարի չի մասնակցի «Defender-23» բազմազգ զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

«Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցությանը, ապա ելնելով պաշտպանության ուժերի նպատակներից և խնդիրներից` մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ակտիվ շփման միջոցով որոշվել է ավելի շատ ջանք և ռեսուրս ուղղել այնպիսի միջազգային և ազգային զորավարժություններին, որոնք ծառայում են նշված նպատակներին, այդ թվում՝ մարտական պատրաստվածության բարձրացմանը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների հետ օպերատիվ համատեղելիության ավելացմանը, փորձի փոխանակմանը և մասնագիտական հմտությունների կատարելագործմանը»,- հայտարարել են Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում:

Նախարարությունում նշել են նաև, որ պաշտպանության ուժերը մշտապես մասնակցում և անցկացնում են միջազգային զորավարժություններ՝ մարտունակությունը բարձրացնելու նպատակով: Այդ թվում՝ ամեն տարի անցկացվում են Վրաստանի և ԱՄՆ-ի համատեղ լայնածավալ բազմազգ զորավարժություններ, ինչպիսիք են «Noble Partner»-ը և «Agile Spirit»-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախաձեռնած «Defender-23» խոշոր զորավարժությունները, որոնք տևելու են 2 ամիս, Եվրոպայում սկսվել են ապրիլի 22-ին։