Search
Close this search box.

Արցախում իրականացվող ստորագրահավաքն, իմ կարծիքով, ավելորդություն է․ Աղազարյան

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Արցախում կազմակերպված ստորագրահավաքի և «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ։

«Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իր անկախության մասին հայտարարել է, պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ։ Սրանք արդեն ավելորդություններ են իմ կարծիքով։ Այսօր Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է, պետք է բոլորս լծվենք իր բնակիչների, մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքին օժանդակելու համար, թե չէ ժողովուրդն ինքնորոշվել է, իր անկախության մասին հայտարարել է, երկար տարիներ է այդ ամեն ինչը այդպես»։

Լրատվամիջոցի այն հարցին, թե Աղազարյանն այդ ստորոգրահավաքն ավելորդությո՞ւն է համարում, պատասխանել է. «Ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ այլ խնդիրների լուծման վրա։ Արցախի ժողովուրդը ունի իր իշխանությունը և իր իշխանությունը կարող է ձայնը բարձրացնի տարբեր ատյաններում, ինչպես և անում է։ Սա մի հարց է, մեկ այլ հարց է Ադրբեջանի թշնամական կեցվածքը։ Մի անգամ էլ ասենք անկախացել ենք, էլի ասենք անկախացել ենք, մի քիչ էլ ենք անկախացել, ավելի ենք անկախացել, իմաստը ո՞րն է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի վրա կառուցված կամրջի սահմանին Ադրբեջանի կողմից սահմանային անցակետ տեղադրելու օրվանից արցախահայ երիտասարդության շրջանում սկսվել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, որը Արցախի ողջ բնակչության անունից պահանջագիր է հրապարակել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ՌԴ նախագահին՝ նաև որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՀՀ վարչապետին: Կազմակերպվել է նաև ստորագրահավաք: