Search
Close this search box.

ԵԽԽՎ համազեկուցողների կոչը Ադրբեջանին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ:

«Վերահաստատում ենք 2022 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի հրամանը: Վերջինս նշում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի տեղադրման հարցով։ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) փորձել է նաև մուտք գործել Լաչինի միջանցք՝ անմիջապես տեղում ծանոթանալու իրավիճակին:

«Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել բանակցային ջանքերը, որոնց ԵՄ-ն աջակցում է ամենաբարձր մակարդակով և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով», – նշել են համազեկուցողները: