Search
Close this search box.

ԱՄՆ–ն արձագանքել է Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` արձագանքելով Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրման մասին լուրին։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,– նշված է Պատելի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմն այսօր փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։

ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է` նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ։ Այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։