Search
Close this search box.

ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Սոթքի հատվածում զինծառայողի զոհվելու վերաբերյալ

Այսօր Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերում թշնամու կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է հայտնել զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ։ Նշվում է, որ զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը վիրավորվել է պարանոցի հատվածում։
Նշվում է, որ մարտական դիրքում ՀՀ ԶՈւ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Հաշվի առնելով, որ հաղորդմամբ ստացված տվյալները վերաբերում են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի կողմից ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ՀՀ ԶՈւ զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելուն՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով (Սպանություն` ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու և Ադրբեջանի ԶՈւ գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` 11։50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել։
Հավելենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում Սոթքի ուղղությամբ։ Սոթքի հանքավայրի աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են, իսկ աշխատակիցները տարհանվել են։