Search
Close this search box.

Քննիչը կալանավորին սպառնացել է և 2 դեպքով խոստովանական ցուցմունք կորզել. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ցուցմունք տալուն հարկադրելու առերեւույթ հանցագործությունների առթիվ:

12.01.2018թ.-ին` Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում, վկա Հ. Մ.-ն հայտարարել է, որ նշված քրեական գործով նախաքննություն իրականացնող` ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը կեղծել է իր ցուցմունքները` դրանցում ավելացնելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ:  Բացի այդ, Հ. Մ.-ն հայտնել է, որ քննիչի մոտ հարցաքննության է ներկայացել ցերեկվա ժամերին, մինչդեռ վերջինս ցուցմունքներում այլ ժամեր է նշել:

ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու վերը նշված առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ:

Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի` ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմարկի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննիչն իր նկատմամբ ճնշումներ եւ սպառնալիքներ է գործադրել, որի հետեւանքով իրեն մեղսագրված ավազակության երկու դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ է տվել եւ հրաժարվել պաշտպան ունենալուց: