Search
Close this search box.

Հրվ. Կովկասում աշխարհագրական ցանկացած փոփոխություն լարվածության ստեղծման միջոց է. Իրանի ԱԽՔ

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները չեն ծառայի որևէ երկրի շահերին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ վերահաստատելով Թեհրանի դեմ լինելը տարածաշրջանում աշխարհագրական փոփոխություններին։

Շամխանին այս մասին ասել է Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, գրում է Tasnim գործակալությունը։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխություն լարվածության ստեղծման միջոց է`տարածաշրջանային անվտանգության և կայունության թշնամիների ձեռքում», – ասել է նա:

Բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային մարտահրավերներին վերջ տալու ցանկացած կոշտ մոտեցմանը:

Շամխանին այնուհետև նշել է, որ կովկասյան տարածաշրջանն անցնում է զգայուն շրջան՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը ինքնազսպման և խոհեմության միջոցով։

Նա հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացումը նշել է որպես Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունք և իրանական վարչակազմի առաջնահերթություն։