Search
Close this search box.

Ացախն անցավ տոտալ շրջափակման․ինչ է պնդում Բաքուն

Ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը, ադրբեջանական գերատեսչությունը չի հստակեցնում։

Քիչ առաջ տարածած ծավալուն հաղորդագրությունում Ադրբեջանի ՊՆ-ը պնդում է, թե վերջին օրերին ակտիվացել է «անձնակազմի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի տեղափոխումը Հայաստանից Ադրբեջանի տարածքում տեղակայված ապօրինի հայկական զինված կազմավորումներին»։ Հաղորդագրությունում նշվում է, որ «տեղաշարժերն իրականացվում են հիմնականում գիշերը և մառախլապատ եղանակին»։

«Հայկական ապօրինի զինված կազմավորումները մի քանի երթուղիներով նոր ճանապարհներ են կառուցում, ինչպես նաեև ընդլայնում են հին երթուղիները, որոնք անցնում են որոշ լեռնային և ոչ ասֆալտապատ տարածքներով։ Դրա համար օգտագործվում է ռազմական, ինժեներական և հատուկ տեխնիկա, իսկ որպես աշխատուժ՝ պայմանագրային զինծառայողներ և տեղի բնակիչներ», – ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Արցախի տեղեկատվական շտաբը, մինչդեռ, հայտարարում է, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում»:

Արցախի իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: «Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով», – ասված է հաղորդագրությունում: