Search
Close this search box.

Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Դավոսում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության արդյունքներին:

«Դավոսում համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և նախանշվել են համագործակցության ուղղություններ»,-ասաց նա:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց 7 օրվա ընթացքում այցի արդյունքների մասին հաշվետվություն կազմել ու ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին:

Այնուհետև ԱԳ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման, մշակման ու ներկայացման նպատակով ու պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել կառավարության աշխատակազմ: