Search
Close this search box.

«ՀԺ». Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել. Դավիթ Բաբայան Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել. Դավիթ Բաբայան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ուկրաինայից 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ է գնել: Սրանից մի քանի օր հետո էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ է հասցվել ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք: Հայտարարության մեջ նվում է, որ նույն տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին:

«Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Ուկրաինայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քայլի վերաբերյալ ասել էր, որ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է՝ սատարել ահաբեկչությանը:

«Հայկական ժամանակ»-ի  հարցին, թե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որքանո՞վ է Ռուսաստանի այդ քայլն ազնիվ, ԱՀ նախագահի խոսնակն ասաց, որ մենք պետք է խնդրի հետ կապված ամեն ինչ հաշվի առնենք.

«Ընդհանրապես, երբ խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, պիտի հաշվի առնենք բազմաթիվ գործոններ: Դժբախտաբար, հնարավոր չէ այնպես անել, որ Ադրբեջանին որևէ մեկը զենք չվաճառի: Դա մեզ համար, իհարկե, ցավալի է: Մյուս կողմից, եթե կան այդպիսի միտումներ, մենք պետք է տեսնենք՝ ինչքանով ենք ի վիճակի այդ գործընթացները փոխել: Դրա համար ժամանակ է պետք, քրտնաջան աշխատանք է պետք: Մենք երբևիցե չպետք է ընկնենք հիստերիայի գիրկը, չընկնենք պրովոկատորների հետևից, ովքեր ուղղակի բղավում են՝ իրենց հայրենասերի տեղ դրած, ովքեր ասում են՝ դե որ զենք է վաճառում, ուրեմն մեր դեմ է, մենք պիտի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզենք՝ մոռանալով ում հետ ենք մենք հարևան: Այդ պրովոկատորներն ի վիճակի՞ են պահել սահմանը: Նույն Թուրքիան: Թուրքիան էլ է ահաբեկչական երկիր, չի հարձակվելու՞: Հետևաբար, պիտի ամեն ինչ հաշվի առնենք: Դա չի նշանակում, որ ինչ-որ ուժերի պետք է հնազանդ լինենք, այլ պետք է ամեն ինչ հաշվի առնենք և ասենք՝ այ սա մեր տեսակետն է: Մենք դեմ ենք, որ նույնիսկ «ռագադկա» վաճառեն Ադրբեջանին՝ այդ թվում Ռուսաստանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: