Search
Close this search box.

«Ժամանակ». ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը կարող են փոխզիջում գտնել. Ո՞րն է լինելու այն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը խորհրդարան էր ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Դաշինքը համարում է, որ 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրակարգը թույլ չի տալիս բացահայտել ընտրողների քաղաքական տրամադրությունները, եւ լինելով ձեւով համամասնական, բովանդակությամբ 100 տոկոս մեծամասնական է: «Ծառուկյան» դաշինքը առաջարկում է փոխել ընտրակարգը, եւ ընտրությունները անցկացնել պարզ համամասնական ընտրակարգով, երբ կուսակցությունները կամ դաշինքները հանդես են գալիս մեկ միասնական ցուցակով:

Երեկ «Ծառուկյան» դաշինքի այս նախաձեռնությունը պետք է քննարկվեր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, սակայն «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ իրենք հանձնաժողովի եւ կառավարության հետ եկել են համաձայնության՝ աշխատել համատեղ եւ ներկայացնել միասնական նախագիծ: Առաջարկություններ եւ դիտողություններ ունի նաեւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ինստիտուտի գրասենյակը, եւ դրանք եւս պետք է ներառվեն փոփոխությունների նախագծում: Հիմնավորելով իրենց նախագիծը, Զոհրաբյանը բերեց այն փաստը, որ քաղաքական դեմքերի մեծ մասը համարձակություն չունեցան առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, իսկ նրանք ովքեր դա արեցին, շատ ցածր արդյունք ստացան: Իսկ այն մարդիկ, ովքեր ունեին խանութ կամ «բուդկա», պարզվեց ամենամեծ ռեյտինգը ունեն:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չհերքեց, որ իրենք «Ծառուկյան» դաշինքի հետ ունեն պայմանավորվածություն համատեղ աշխատելու նախագծի վրա, մանավանդ, որ կառավարությունը եւս Ընտրական օրենսգրքի փոփոխությունների սեփական նախագիծն է մշակում, եւ արդյունքում կարող է ներկայացվել փոխզիջումային տարբերակ:

Ինչ փոխզիջում կարող է լինել ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ: Այն ընտրական համակարգը, որը կիրառվեց 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում, բացարձակ մեծամասնական էր: Այն ոչ թե 100, այլ 200 տոկոսանոց մեծամասնական էր, քանի որ մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված պատգամավորները աշխատում էին ոչ միայն իրենց համար, այլ նաեւ, այսպես կոչված, համամասնական ցուցակի պատգամավորների համար: Այս համակարգը օգնում էր, որ վարչական եւ ֆինանսական ռեսուրսի չարաշահումը հնարավորինս մեծ արդյունք տար: Ինչու պետք է ՀՀԿ-ն հրաժարվի մի համակարգից, որը ապացուցել է իր արդյունավետությունը եւ իրենց համար ապահովել մեծամասնություն ձեւավորելու լիարժեք հնարավորություն: Զիջման գնալու միակ պատճառը կարող է լինել կուսակցությունների եւ միջազգային կառույցների ճնշումը: Ի վերջո, Ընտրական օրենսգիրքը այն եզակի իրավական ակտերից է, որը պետք է սահմանի խաղի այնպիսի կանոններ, որոնք ընդունելի լինեն այդ խաղի մյուս մասնակիցների համար: Իշխանությունը չի կարող միակողմանիորեն հայտարարել, որ իր համար միեւնույն է, թե ինչ են մտածում այդ օրենքի մասին մյուս կուսակցությունները, քանի որ այն իրենց համար ընդունելի է:

Հանրապետակաները չեն կարող ընդհանրապես հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ համաձայնվել, որ ընտրությունները անցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, որովհետեւ այդ համակարգը գրեթե զրոյականացնում է ՀՀԿ-ի համար այնպիսի ռեսուրսի օգտագործման հնարավորությունը, ինչպիսին տեղական հեղինակություններն են: Մինդեռ ընդդիմադիրներն էլ պնդում են, որ Հայաստանը 13 մասի բաժանելը թույլ չի տալիս, որ քաղաքական գործիչները բացահայտեն երկրի տարածքում ունեցած իրենց քաղաքական վարկանիշը:

Հնարավոր փոխզիջումը կարող է լինել այն, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկով, Հայաստանը չբաժանվի տեղամասերի, եւ յուրաքանչյուր ընտրատարածքում չլինեն առանձին ցուցակներ: Եթե կուսակցությունները ընտրություններին մասնակցեն համապետական ցուցակով, ապա դա հնարավորություն կտա բացահայտել դրանում ընդգրկված քաղաքական գործիչների վարկանիշը: Բայց հանրապետականները չեն հրաժարվի ռեյտինգային ընտրակարգից, քանի որ այդ համակարգը թույլ է տալիս, որ կուսակցությունը հետեւի յուրաքանչյուր թաղային հեղինակության աշխատանքի արդյունավետությանը, բացահայտի իր թաղում կամ քաղաքում նրա ունեցած ռեյտինգը:

Չնայած ինչ ընտրակարգ էլ ընտրվի, միեւնույն է, մի բան. ամենաիդեալական Ընտրական օրենսգիրքն ու ընտրական համակարգը չեն կարող հանրային վստահություն ներշնչող եւ հանրային տրամադրությունները արտացոլող ընտրությունների կազմակերպման երաշխիք լինել: Եթե իշխանությունը որոշել է կեղծել ընտրությունները, իսկ ընդդիմությունը բավարար վճռականություն չունի դրան դիմադրելու, լինելու է այն, ինչ եղել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում