Search
Close this search box.

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիայից զոհված ոստիկանների հոգեհանգիստը

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր՝ մարտի 6-ին, տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիայից զոհված ոստիկանների հոգեհանգիստը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ զոհվել էին ոստիկաններ՝ Արմեն Բաբայանը, Դավիթ Դանիելյանը եւ Արարատ Գասպարյանը: Արմեն Բաբայանի եւ Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Քիչ անց ՆԳՆ-ն հայտնել էր ոստիկանների անունները. թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել է, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։