Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արայիկ Հարությունյանը ի թիվս այլ հարցերի խոսեց նաև Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին։

«Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,-նշել է Հարությունյանը ու նաև հավելել.

«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կուրսի շուրջ իմ ու Ռուբեն Վարդանյանի տարաձայնությունների վերաբերյալ շահարկումներին, ապա նշեմ, որ երկուսիս ռազմավարական նպատակն Արցախի հայկական, անկախ ու անվտանգ ապագան է, երկուսս էլ ունենք նույն ընկալումը Արցախի ժողովրդի կենսական շահերի ու կարմիր գծերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը: Կուզեի ընդգծել նաև, որ այս հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ ու բանավեճեր ենք ունենում, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կազմով:

Ինձ համար մի բան միանշանակ է, որ Արցախում չկա մի պաշտոնյա, որը որևէ կերպ շեղվող մոտեցում ունենա մեր ռազմավարական նպատակներից և Արցախը տեսնի Ադրբեջանի կազմում: Ուստի, խիստ անընդունելի են շահարկումները Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, պայքարի դադարեցման և այլ հարցերի շուրջ, դրանք դավաճանական հարվածներ են հենց Արցախի ժողովրդին: Ես վստահ եմ, որ անկախ իշխանությունում գտնվող անձերից՝ Արցախի ժողովուրդը չի կարող դադարեցնել իր պայքարը՝ հանուն սեփական հողում իր իրավունքների ու արժանապատվության: Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար: Իսկ մարտավարական հարցերում բանավեճի գլխավոր դատավորը ժամանակն է»:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

Այս Բաժնից