Search
Close this search box.

Նամակ Նիկոլ Փաշինյանին

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները սույն թվականի փետրվարի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցելությունների շրջանակներում գտնվել են նաև Ներքին Հանդ գյուղում։ 

Կատարած այցի շրջանակներում պարզ դարձավ, որ Ներքին Հանդի բնակչությունը, Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացման հետևանքով փաստացի զրկված է, ինչպես կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններից (արոտավայրեր, տարածքներ և այլն) և ազատ տեղաշարժման հիմնարար իրավունքից այնպես էլ գյուղի գերեզմանատուն մուտք գործելու հնարավորությունից, որը թեպետ գտնվում է ՀՀ վերահսկողության գոտում, սակայն դիտարկվում է անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանական զինված ուժերը ուղիղ նշանառության տակ պահելով գյուղի գերեզմանատունը սեպտեմբերի 14-ից առ այսօր հնարավորություն չեն տալիս գյուղի բնակչությանը մուտք գործել գերեզմանատուն։ Բնակչությունը այս պահին փաստացի զրկված է նաև անհրաժեշտության դեպքում գյուղի տարածքում հուղարկավորության կազմակերպման հնարավորությունից։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետին՝ վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ 

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղն ունի ռազմավարական նշանակություն և կուսակցությունը հետևողական է լինելու վերոնշյալ խնդիրների լուծման հարցում:

Նամակի բովանդակությունը կարող եք տեսնել ստորև։

Հարգելի պարոն վարչապետ,

2020 թվականի 44-օրյա պատերազմի ինչպես նաև նախորդ տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով Սյունիքի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Ներքին Հանդ գյուղի անմիջական հարևանությամբ տեղակայվել են ադրբեջանական զինված ուժերը՝ ուղիղ նշանառության տակ պահելով գյուղի բնակչությանը։ 
Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացման հետևանքով Ներքին Հանդ գյուղի բնակչությունը փաստացի զրկվել է կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններից (արոտավայրեր, տարածքներ և այլն) այդ թվում` ազատ տեղաշարժման հիմնարար իրավունքից։ 

Սույն թվականի փետրվարի 19-ին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչների Ներքին Հանդ գյուղ  կատարած այցի շրջանակներում պարզ դարձավ, որ բնակչությունը նաև զրկված է գյուղի գերեզմանատուն մուտք գործելու հնարավորությունից, որը թեև գտնվում է ՀՀ վերահսկողության գոտում, սակայն դիտարկվում է անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք ուղիղ նշանառության տակ պահելով գյուղի գերեզմանատունը սեպտեմբերի 14-ից առ այսօր հնարավորություն չեն տալիս գյուղի բնակչությանը մուտք գործել գերեզմանատուն։ Բնակչությունը այս պահին փաստացի զրկված է նաև անհրաժեշտության դեպքում գյուղի տարածքում հուղարկավորության կազմակերպման հնարավորությունից։ 

Հաշվի առնելով վերոնշյալը և առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների համաձայն, խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն առ այն, թե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ներքին Հանդ գյուղի․  
• բնակիչների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման, 
• ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքի իրացման՝ մասնավորապես գյուղի բնակիչների գերեզմանատուն անարգել  և անվտանգ մուտքը երաշխավորելու ուղղությամբ։ 
 

Այս Բաժնից