Search
Close this search box.

«Նախագահն ասեց՝ մեր առաջնագծի զինվորը գիտի ում զենքով են իրան սպանում»

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների փորձին:
«Սահման ա, կրակոցները մշտապես ըլնում են, ըլնելու են, մինչև վերջնականապես Արցախի հարցը լուծվի, Արցախի անկախությունը ճանաչվի, սահմանները գծվեն: Քաղաքականություն էլ կա ըստեղ, որովհետև 1994 թվին, երբ Հեյդար Ալիևը խաղաղության էր գնում, նա քաղաքական նպատակներ ուներ՝ տղային իշխանության բերելու: Հիմա էնտեղ էս տարի ընտրություն կա, շատ հնարավոր ա էդ լարվածությունը նրա համար ա, որ ներսում իր հակառակորդներին մի քիչ ձգած պահի»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարված զենքի նոր խմբաքանակին: Նա նշեց, որ Ադրբեջանը շատ երկրներից է զենք գնում, բայց հիմնականում Ռուսաստանից: «Որտեղ փող, ով զենքը ծախում ա, նրանք էլ առնում են: Ընենց չի, որ մենք քնում ենք, կարող ա իրանց նավթն ու գազը մեզնից շատ ա, բայց մենք էլ ենք առնում»,- ասաց նա:
Հարցին, թե Հայաստանի իշխանությունն այս հարցում ի՞նչ անելիք ունի, եթե մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում թշնամուն, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Նախագահն ասեց՝ մեր առաջնագծի զինվորը գիտի ում զենքով են իրան սպանում»:
Հարցին, թե զենքի ամեն խմբաքանակի մատակարարումից հետո ինքը շարունակո՞ւմ է Ռուսաստանին ռազմավարական գործընկերոջ աչքով նայել, նա պատասխանեց. «Այլընտրանք էլ չունենք ուրիշ աչքով նայելու: Ծախում ա, էն էլ առնում ա, մենք էլ ենք առնում, նույնը կարա ասի ադրբեջանցին, իրանց հետ էլ ա Ռուսաստանը բարեկամական»: