Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը զորացրված զինվորներից իմացավ ճշմարտությունը

«Դիտակետ» ծրագրի շրջանակներում զորացրված զինծառայողների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տվել, որ զինծառայողների մեծ մասը ծառայության երկու տարիների ընթացքում 2-4 անգամ ստիպված են եղել համազգեստ գնել՝ չնայած որ ծառայության ընթացքում 4 անգամ նախարարությունից համազգեստ ստանում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման արդյունքները ՀՀ Նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը ներկայացրել է «Բրեվիս» սոցիոլոգիական ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը:

ՀՀ Նախագահը հանդիպմանը ներկա զորացրված զինծառայողներից ճշտել է՝ կա՞ն նրանց մեջ անձինք, ովքեր ծառայության ընթացքում համազգեստ են գնել: Պարզվել է, որ հանդիպմանը ներկա զինծառայողների գրեթե կեսը ծառայության ընթացքում համազգեստ գնել են: Զինծառայողները որպես հիմնական պատճառ նշել են այն հանգամանքը, որ իրենք առաջին անգամ համազգեստ ստանալուց հետո երկրորդը ստիպված էին ստանալ 8 ամիս հետո, սակայն մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում համազգեստը մաշվում էր, գույնը կորցում, ուստի 8 ամիս չէին կարող սպասել և ստիպված մի քանի անգամ համազգեստ են գնել:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ արդեն մեկնարկած զորակոչից զինծառայողները, բացի այն համազգեստից, որով կզորակոչվեն, ստանում են նաև լրացուցիչ երկրորդ համազգեստը:

Այնուհետև Հովհաննես Գրիգորյանը, շարունակելով ներկայացնել հարցման արդյունքները, նշել է, որ զինծառայողների մեծ մասը նաև հայտնել է, որ ծառայության ընթացքում մի քանի անգամ ստիպված են եղել նաև զինվորական կոշիկ գնել: Սերժ Սարգսյանն ասել է, որ թե ինքը, թե պաշտպանության նախարարը տեղյակ են, որ նախկինում զինվորական կոշիկներն այնքան էլ որակով չէին, սակայն պաշտանության նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել և բանակին ավելի որակյալ կոշիկներ են մատակարարում: