Search
Close this search box.

Ժամը 15։00-ի դրությամբ Սուրեն Պապիկյանը չի գնացել ողբերգական հրդեհի դեպքի վայր

Ժամը 15։00-ի դրությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի գնացել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամաս, որտեղ այսօր տեղի է ունեցել 15 պարտադիր ժամկետային զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՊՆ-ից։

«Դեպքից հետո ՊՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բարձրաստիճան սպաներ են գնացել դեպքի վայր եւ այժմ էլ այնտեղ են։ Պաշտպանության նախարարը դեռ դեպքի վայր չի գնացել»,- հայտնեցին ՊՆ-ից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ դեպքին եւ մանրամասներ հայտնել. «Ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում եմ, ոչ դիտավորյալ: Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»։