Search
Close this search box.

Երևանը մերժե՞ց պետքարտուղարի տեղակալին

Լաչինի միջանցքը Հայաստանը չի փակել, Հայաստանը չունի միջանցքի առնչությամբ պարտավորություն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ազատ տեղաշարժն ապահովելու պարտավորությունը Ադրբեջանի և ՌԴ վրա է, հետևաբար Հայաստանը չպետք է մտնի միջանցքի բացման շուրջ բանակցության մեջ: «Մենք ինչի՞ պետք է մտնենք էդ խոսակցության մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք ստանձնվել են կողմերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ը սարքել առ ոչինչ, դա, կարծում եմ, սխալ կլինի»,-հայտարարել է ԱԺ նախագահ Սիմոնյանը: Այդ հայտարարությունն ուշադրության արժանի է իհարկե մի շարք ասպեկտներով, որոնց գերակշռող մեծամասնությունն իհարկե տարբեր առիթներով քննարկվում է այս օրերի և շաբաթների ընթացքում, և հատկապես քննարկումների աշխուժություն է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից հետո:

ԱԺ նախագահի հայտարարությունն այդ իմաստով թերևս արժանի է դիտարկման ավելի «թարմ հետքով» կամ առիթով, որը ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունն է: Հաղորդագրությունն այն մասին է, որ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը անցնող օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և նրանց հորդորել անհապաղ ներգրավվել բանակցություններում՝ Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժը վերականգնելու համար: Այդպիսով, ԱՄՆ Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է բանակցել Լաչինի միջանցքը բացելու համար: Հայաստանի ԱԺ նախագահը հաջորդիվ հայտարարում է, որ Հայաստանը չի մտնի միջանցքի համար բանակցության մեջ, քանի որ դա կբերի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեֆորմացիայի, երբ Հայաստանը կստանձնի պարտավորություն մի հարցի վերաբերյալ, որի առնչությամբ պարտավորություն ունի միայն Ադրբեջանը: Ալեն Սիմոնյանն իհարկե ուղղակի չի արձագանքում ԱՄՆ պետքարտուղարության հորդորի վերաբերյալ հարցի, այլ խոսում է խնդրի մասին ընդհանրապես, բայց, փաստացի ստացվում է, որ նրա հայտարարությունը պատասխան է Վաշինգտոնի հորդորին, ու փաստացի մերժում՝ Հայաստանը Լաչինի միջանցքի հարցում չի մտնի բանակցության Ադրբեջանի հետ և չի հավասարեցնի պարտավորությունները:

Ընդ որում, այստեղ անշուշտ Երևանի դիրքորոշումը թերևս փաստարկված է հասկանալիորեն, գոնե դատելով հրապարակի վրա եղած իրողություններից: Որովհետև, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայաստան-Ադրբեջան բանակցության թեմա դարձնելու հանգամանքը իր մեջ պարունակում է Ադրբեջանի այդ շանտաժի լեգիտիմացում, ինչը փաաստացի ստեղծելու է նախադեպ: Իսկ առիթների պակաս իրավիճակը թերևս չի ունենալու: Այդ առումով, Հայաստանն անշուշտ պետք է օգտագործի միջազգային իրավունքի սուբյեկտի բոլոր հնարավորությունները՝ Արցախի հայության ճակատագրի խնդիրը միջազգային օրակարգի հարց դարձնելու համար, սակայն չպետք է դառնա միջանցքի բացման հարցում բանակցող կողմ, քանի որ դա մեծ հավանականությամբ վերաճելու է հետագա ծուղակի: Այլ խնդիր է, իհարկե, եթե խոսքը վերաբերի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիմքով բանակցությանը, ինչը կնշանակի արդեն այդ թվում պարտավորություների հստակ շեշտադրում: Հակառակ պարագայում, իրապես բավականին մեծ է վտանգը, որ միջանցքի բացման շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունը կտա արդյունք, որը սակայն ավելի շուտ կունենա հայկական կողմի համար ավելի երկարաժամկետ հեռանկարում հետևանքից առաջ օփիումի նշանակություն:

1in.am