Search
Close this search box.

Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է. «ԱրցախԷներգո»-ն տեղեկացնում է

Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում հունվարի 9-ին ժամը 14։35-ին արձանագրվել է վթար, այս մասին հաղորդագրություն է տարածել «ԱրցախԷներգո»-ն, հստակեցնելով, որ ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։

«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից։

Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան»,- նշված է հաղորդագրության մեջ: