Search
Close this search box.

«ՀԺ». Ինչպես է նախագահի օգնականի թոշակառու մայրը գարեջրի գործարան և ռեստորան կառուցում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը Կոտայքի մարզի Արզնի համայնքում գարեջրի գործարան և ռեստորան է կառուցում: Գործարանի և ռեստորանի կառուցման պատվիրատուն, «Հետք»-ի փոխանցմամբ, «Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն է:

Պետռեգիստրի տվյալների համաձայն, նշյալ ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը Եղիսաբեթ Շմավոնյանն է՝ Ավետիս Բերբերյանի մայրը: Տիկին Եղիսաբեթը թոշակառու է, 68 տարեկան:

«Հայկական ժամանակ»-ը Ավետիս Բերբերյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ միջոցներով է նրա մայրը նման ներդրումներ կատարում, արդյոք հնարավո՞ր է պետական համակարգում աշխատելով՝ խոշոր դրամական միջոցներ կուտակել:

«Ֆինանսական միջոցներ կուտակել եմ մինչև պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելը, որոնք արտացոլված են իմ հայտարարագրերում՝ 2011 թվականից սկսած:

Ընտանիքիս անդամներից կնոջս, որդուս և մասնավորապես՝ մորս կողմից կատարվող ներդրումների համար ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում բացառապես իմ կողմից տրված նվիրատվությունները և ներգրավված վարկային միջոցները, որոնք նույնպես կարտացոլվեն 2017 թվականի հայտարարագրերում»,- «ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է Բերբերյանը:

Նա Սերժ Սարգսյանի օգնականն է 2011 թվականից, մինչ այդ ղեկավարել է իր սեփական «Կայմ» հեռուստաընկերությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: