Search
Close this search box.

Շուշիի ազատագրումն այլընտրանք չունի․ Ինչ կատարվեց ՄԱԿ ԱԽ-ում

Հայ պաշտոնյաները գոհ են ՄԱԽ ԱԽ-ում Բերձորի ճանապարհի վերաբերյալ քննարկումներից։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը գրել է, թե «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսի մասին»։

Սա վարչապետի գլխավորությամբ քպ-ական վերնախավի երազած «կոնսենսուսն» է՝ «Արցախը հանձնենք Ադրբեջանին, եւ այդ դեպքում արցախցիների իրավունքների ու անվտանգության շուրջ միջազգային կոնսենսուս կապահովվի»։ Հենց այս տրամաբանությամբ էլ կազմվել է Հայաստանի դիմումը, ինչը նկատելի է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթից, որտեղ իսպառ բացակայում են դեօկուպացիայի, փախստականների վերադարձի, կարգավիճակի, քաղաքական կարգավորման պահանջները՝ քաղաքական խնդիրները «հումանիտարով» նենգափոխելու ստոր կուրսի շրջանակում։

ՄԱԿ ԱԽ-ի քննարկումներին դեռ կանդրադառնանք, նշենք միայն, որ Ռուսաստանի ու Չինաստանի ներկայացուցիչների ելույթներն ուղղված էին Բաքվի իրավունքների եւ նոյեմբերի 9-ի թղթի օրինականացմանը ՄԱԿ հարթակում, ինչը հնարավոր չէր լինի առանց ՀՀ իշխանության մասնակցության։ ՀՀ ներկայացուցչի ելույթը դրա վկայությունն է։

Բաքուն կասի, որ ոչ մի ճանապարհ էլ չի փակել, թող գան անցնեն, ինչի կարիք ունեն՝ մենք կապահովենք, եւ ասում են։ Ռուսաստանն էլ է ասում, որ իր զորքը չի փակել ճանապարհը։ Փոխարենը, ՌԴ-ն փաստացի օրինականացրել է ցապար ցեղերի անցակետը Շուշիի մատույցներում։ Բացի այդ, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ «համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը», իրականության մեջ՝ ՌԴ-ն իրագործում է «խաղաղ համակեցության» ծրագիրը՝ Արցախում Բաքվի սահմանադրության գերակայությունը հաստատելու համար։

Ռուսներն ու ցապար ցեղերը գործում են Հին Թաղեր-Փառուխ-Բերձոր փորձարկված սխեմայով։ Բերձորի ճանապարհի իրադարձությունները շղթայի օղակն են՝ ճանապարհի վերահսկողությունը Բաքվին հանձնելու եւ Արցախը Բաքվին ինտեգրելու մտադրություններով։ Ցանկացած «փոքր» զիջում հաստատում ու օրինականացնում է «նախադեպը» եւ հող նախապատրաստում հետագա քայլերի համար։

Տվյալ դեպքում, Շուշիի մատույցներում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի Արցախի ու Սյունիքի շրջանների օտարման նպատակ են հետապնդում։ Հայկական արձագանքը պետք է լինի կտրուկ․ Շուշիի ազատագրումն այլընտրանք չունի։ Քպ-ական խմբակի ու դրա քաղաքականության սազանդարների՝ «Հայաստանը ռեսուրս ու հնարավորություններ չունի, բանակը նոր-նոր է բարեփոխվում, ստիպված ենք համաձայնել ռուս-թուրքական կարգավորմանը» եւ Մոսկվայից ու Բաքվից ուղղորդվող նման թեզերով քարոզչությունը պետք է մերժվի։

Հայկական դիմադրության առանձին դրվագները, եռամսյա հավաքներին, այլ հանգամանքներում ինքնակազմակերպման օրինակները ցույց են տալիս, որ հայորդիներն ընդունակ են խորտակել նիկոլական երդվյալ կապիտուլյանտների տարածած մթնոլորտը առաջնագծի ողջ երկայնքով։
lragir.am