Search
Close this search box.

Միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա մեծացել է. Ռուբինյան

ՄԱԿ-ի ԱԽ նիստը շատ հաջող էր, դրական եմ գնահատում: Բոլոր երկրները Ադրբեջանին կոչ արեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը դադարեցնի և հավատարիմ մնա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետին, ըստ որի, Լաչինի միջանցքով պետք է ապահովի անխափան կապ Արցախի և Հայաստանի միջև: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նաև հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ ՄԱԿ ԱԽ–ն հիմա քննարկում է նիստի վերաբերյալ մամլո հաղորդագրություն ընդունելու հարցը:

«ԱԽ նիստից պարզ դարձավ, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա մեծացել է, ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում է կրկին: Սա Ադրեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: ՄԱԿ-ի ԱԽ նիստին բոլոր երկրների ներկայացուցիչներն օգտագործում էին Լեռնային Ղարաարաբաղ անվանումը, ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը»,-ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է թեզին, թե Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը, ԱԺ փոխնախագահն ասաց, թե դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է։

«Դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը։ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները։ Մենք պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս մեծացնել Ադրբեջանի վրա։ Կարծում եմ՝ երեկվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է ու մեծանում է», — նշեց Ռուբինյանը։