Search
Close this search box.

Ջերմուկ քաղաքի հյուրանոցներն այս տարի ամանորյա փաթեթներ չեն վաճառում

Ջերմուկ քաղաքի հյուրանոցներն այս տարի ամանորյա փաթեթներ չեն վաճառում, գործելու են ստանդարտ գներ։ Այս տարի Ամանորին նախորդ տարիների համեմատ Ջերմուկում հյուրանոցային տնտեսությունների գները ավելի քան կիսով չափ նվազել են։ Օրինակ՝ եթե նախորդ տարիներին Ամանորին քաղաքի 5 աստղանի հյուրանոցում հնգօրյա փաթեթի գինը երկու անձի համար տատանվում էր 800 հազար դրամից մինչև 1 մլն դրամի սահմաններում, մերս դիտարկումները ցույց են տալիս, որ այս տարի քաղաքի հյուրերը կարող են օգտվել ստանդարտ գներից՝ նույն պայմաններով վճարելով 350-400 հազար դրամ։ Այս գինը ներառում է երեք անգամյա սնունդն ու բուժական ծառայություները։

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց․ «Այո, ավելի քան կիսով չափ նվազել են գները՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը։ Ջերմուկը պատերազմական իրավիճակում էր հայտնվել, և հյուրանոցները պետք է կարողանային վերականգնել իրենց գործունեությունը։ Քաղաքի հյուրանոցները որոշել են այս տարի ամանորյա փաթեթներ չվաճառել, տոնական միջոցառումներ չկազմակերպել։ Ճիշտ է, կան որոշ հյուրանոցներ, որոնք ինչ-որ միջոցառում կազմակերպելու են, դեռ ինֆորմացիա չունենք նրանց մասին։ Բայց հյուրանոցային տնտեսությունները հիմնականում աշխատելու են բնականոն հունով՝ ինչպես ամբողջ տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ Ամանորին կլինի ստանդարտ գնացուցակ»։

Սեպտեմբերյան հարձակումից հետո Ջերմուկում փորձում են վերականգնել զբոսաշրջությունը։ Ըստ Նարեկ Միրզոյանի՝ քաղաքի հյուրանոցները գրեթե մեկ ամիս չեն գործել և միայն հոկտեմբերի կեսից են սկսել աշխատել։ Այդ ժամանակահատվածից սկսած Ջերմուկում զբոսաշրջությունը վերականգնվում է։ Չնայած ստեղծված իրավիճակին, Ջերմուկում Ամանորն անցկացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է։

«Նախորդ տարիների համեմատ հարցումները չեն նվազել, աշխուժացում կա։ Թե տուրիստական կազմակերպությունների, թե անհատների կողմից հարցումները շատացել են, շատերն են ցանկանում Ջերմուկ գալ։ Բայց մենք տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով այն, որ Ջերմուկը ևս փաստացի հայտնվել էր պատերազմական իրավիճակում, այս տարի տոնական միջոցառումներ չեն կազմակերպվելու։ Միաժամանակ կոչ ենք անում, որ բոլորը գան Ջերմուկ, քաղաքն ապահով է, բիզնեսն աշխատում է, մեր զինվորներն էլ պաշտպանության գծում կանգնած են։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ եթե ուզում ենք սահմանը ուժեղ լինի, թիկունքը պետք է ուժեղ լինի։ Իսկ դա հնարավոր է այն դեպքում, եթե բոլորս մեր տեղում լինենք»,- հավելեց նա։