Search
Close this search box.

Բաքվի հատուկ ջոկատայինները Բերձորի ճանապարհին

«Բաքվի հատուկջոկատայինների ստորաբաժանումը ժամանել է էկոակտիվիստների ակցիայի վայր», տեղեկացնում են Բաքվի զլմները եւ տեսանյութեր հրապարակում։ Ավելի վաղ, բեմադրվել էր «էկոակտիվիստները բացել են ճանապարհը խաղաղապահների մեքենաների համար» տեսարանը։ Քայլ առ քայլ, փաստացի փոխվել է ճանապարհի ռեժիմը Բաքվի վերահսկողությամբ։

Մոսկվայի հրահանգով Երեւանի ու Ստեփանակերտի վարչակազմերի, ռուսանպաստ խաժամուժի ու զլմ-ների բալագանը «խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ շնորհելու, խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ չունեն, նրանց թիվը քիչ է» եւ նման այլ թեզերի շուրջ նպատակ ուներ ռուսներին մաքրել պատասխանատվությունից ու ապահովել ալիբի։

Ռուսական պետական քարոզչությամբ չդադարող ու սաստկացող հակահայ հիստերիան, սպառնալիքներն ու շանտաժը, ռուս պաշտոնյաների հակահայ հայտարարությունները ճանապարհը փակելու հարցում Մոսկվայի առաջնորդության վկայությունն են։ Եթե ճանապարհի փակումը հարված է Ռուսաստանի, նրա զորակազմի հեղինակությանը, եթե «Ադրբեջանը» ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա, իսկ հայ պաշտոնյաներն էլ առավոտից երեկո հավատարմություն են հայտնում եռակողմ թղթերին ու հայտարարում են «խաղաղապահների դեմ ճնշման գործիք չդառնալու» մասին, ապա ինչո՞ւ որեւէ «հակաադրբեջանական» հայտարարություն չի արվում, արդեն չխոսելով համակարգված քարոզչության մասին։

Լրագիրն արդեն անդրադարձել է այն հարցին, որ սա պարզապես Արցախի շրջափակում չէ, այլ Մոսկվայի ու Բաքվի կողմից փորձարկվում է ՀՀ տարածք ներխուժման ու միջանցքների բացման «խաղաղ» սխեմա, իսկը համապատասխան Փաշինյանի «խաղաղության օրակարգին»։ Այն հնարավորություն է տալիս խուսափել ռազմական ներխուժման դեպքում հնարավոր գլխացավանքներից։ Ռուսներն Արցախում եւ ՀՀ այլ շրջաններում արդեն կանգնած են այն պարագծով, որտեղ գործելու է այս սխեման։ Կարեւորը՝ հայերը ռուսների համար մանդատ ուզեն, բողոքեն միջազգային հանրությունից եւ երախտապարտ լինեն ռուսներին։ Որպեսզի հետո արդարացնեն թե իրենց, թե ռուսներին՝ մանդատ չտվեցին, դրա համար էլ․․․

Թշնամական ծրագրերը տապալվելու են, Արցախը չի հանձնվելու։ ՀՀ խորհրդարանում ազգային իրավունքների հիմքով քննարկումների ծավալումն ու որոշումների կայացումը լշրջեն իրավիճակը։ ՀՀ խորհրդարանական իշխող ու չիշխող խմբերը խուսափում են դրանից, այդպիսով կանգնելով ոճրագործ տանդեմի դրոշի տակ։

lragir.am