Search
Close this search box.

Երևանում կրակոցներ են հնչել

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 33/1 շենքի բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Թվով 10 հոգի նշված փողոցում վիճաբանում են, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Պարեկները նկատում են, որ մի խումբ անձինք վազում են, իսկ նրանց հետևից մի քաղաքացի ատրճանակով զինված, կրակոցներ արձակելով, հետապնդում է նրանց։
Պարեկները մոտենում են այդ քաղաքացուն և հրահանգում, որպեսզի նա ցած դնի ատրճանակը և ներկայանա իրավապահներին։ Այդ քաղաքացին տեսնելով, որ չի կարող այլևս ճողոպրել, զենքը ցած է դնում, որից հետո պարեկները նրան և ևս 3 հոգու կարողանում են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Պարեկները սահմանազատում են նշված տարածքը, որտեղ էլ հայտնաբերվում են «Բերետա» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, կրակված 1 հատ գնդակ, 4 հատ պարկուճ։

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերում են նաև նշված շենքի 4-րդ հարկի եվրոպատուհանի վրա կրակոցի հետք, բնակարանում էլ հայտնաբերվում է կրակված գնդակը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Փարպեցի փողոցի 26 շենքի բակում, որն այնուհետև շարունակվել է Մաշտոցի պողոտայի նշված հասցեում։ Ու պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված անձինք Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Դավիթ Չ․-ն է, 17-ամյա Տիգրան Չ․-ն է, 35-ամյա Վահան Գ․-ն է և 38-ամյա Սիմոն Հ-ն։

Դեպքի փաստով՝ խուլիգանություն հատկանիշներով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հանցագործության գործիք-ատրճանակը Դավիթ Չ․-ին է պարգևատրել Արցախի Հանրապետության նախագահը։