Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյան խոսել է Փաշինյանի հետ ունեցած իր հարաբերությունների մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է 2018 թվականին՝ «Թավշյա հեղափոխությունից» հետո։ «Ես նրան ասացի, որ կա միակ թեման, որն ինձ հուզում է, որի համար ես պատրաստ եմ փոխել իմ կենսակերպը, դա Արցախն է։ Ես նրան բացահայտ ասել եմ, որ երբեք չեմ միջամտել ոչ նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա էլ չեմ պատրաստվում միջամտել, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է», – պատմել է Վարդանյանը։

Վարդանյանն ընդգծել է, որ անթույլատրելի է համարում, որ հայկական վերնախավը պարզապես նայի, թե ինչ է կատարվում Արցախի հետ և ոչինչ չանի։ Պետնախարարը նշել է, որ իր հարաբերությունները ՀՀ գործող վարչապետի հետ «աշխատանքային» են։ «Մենք ունեցել ենք աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկել ենք աշխատանքային հարցեր, որոնք կանգնած են Արցախի առջև, մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ, շատ խնդիրներ», – ասաց Վարդանյանը:

Պատասխանելով Արցախի նկատմամբ պահանջների նշաձողի իջեցման մասին հարցին՝ Վարդանյանը հիշեցրել է, որ Արցախն ինքնորոշվել է առանց Հայաստանի, ավելին՝ Լեռնային Ղարաբաղը անջատվել է և Ադրբեջանի կազմից դուրս եկել դեռ ԽՍՀՄ-ի օրոք։ «Այդ իմաստով իսկապես դուալիզմ կար այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը եղել է Ադրբեջանի կազմում, դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Եվ 1994 թվականից հետո Ղարաբաղի ղեկավարությունը մաս էր կազմում այն հակամարտության, որը քննարկվում էր, կողմերից մեկն էր, որը ներկայացնում էր հենց Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց շահերը։ Այնուհետև Ղարաբաղի նախագահը դարձավ Հայաստանի վարչապետ, և Հայաստանը սկսեց ներկայացնել նաև արցախյան կողմի շահերը», – նշել է պետնախարարը։

Նա ընդգծել է, որ այժմ իրավիճակը փոխվել է, և «մենք կրկին վերադարձել ենք նրան, որ Արցախի և արցախցիների ճակատագիրը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր ապրում են Արցախում, ովքեր կառավարում են Արցախի պետությունը»։