Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության պայմանագիրը պետք է ունենա միջազգային լուրջ երաշխիքներ․ԱԺ նախագահ

Հայաստանի իշխանությունները լուրջ են վերաբերվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին և դրա վերաբերյալ իրենց պատկերացումներն են հայտնում բոլոր կողմերին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության այն մասին, որ խաղաղության պայմանագրից 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել, եթե չլինեն միջազգային երաշխիքներ։

«Իշխանությունը լուրջ է վերաբերվում, և իր պատկերացումներն է հայտնում խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նաև՝ այն բոլոր կողմերին, որոնք միջնորդ են հանդիսանում այդ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Դրա համար է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել, որ պետք է լինեն կոնկրետ երաշխիքներ, որովհետև միայն թուղթ ստորագրելով չի։ Հուսանք, որ այդ պայմանագիրը լուրջ երաշխիքներ կունենա, որովհետև ուղղակի պայմանագիր ստորագրելը բավարար պայման չէ»,- ասաց Սիմոնյանը։

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս տրամաբանությամբ պետք է առաջ շարժվել և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

«Ինչպես տեսնում եք, ի հեճուկս ընդդիմության հայտարարություններին, երկու տարի անց Հայաստանը բավականին լավ բանակցում է, և կարելի է շատ երկար նշել միջազգային ասպարեզում մեր դիվանագիտության հաղթանակները։ Նման ներգրավվածություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կողմից նույնիսկ չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ժամանակ։ Արդյո՞ք սա հաղթանակ չէ։ Իմ կարծիքով, դիվանագիտական առումով շատ մեծ հաղթանակ է»,- ասաց Սիմոնյանը։