Search
Close this search box.

Հայտնաբերվել է Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել են 5 հազարից ավելի տարածքներ։

Կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։ Նա անգամ չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում և նա սպանվածին ասել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», և սպանվածը իբրև թե հայհոյանքներ է տվել իր հասցեին և կշռաքարով հարվածել իրեն, և օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։

Քիչ առաջ կասկածյալ Ս. Վարդանյանը տեղափոխվեց Ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ էր տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դի` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել էր:

 

Այս Բաժնից