Search
Close this search box.

Էրդողանի լեզվից ոչ ոք չէր քաշել․ Հայաստանին վերադարձնել Նախիջեւանը, Կարսը, Արարատ լեռան շրջանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով այցելել է հայկական օկուպացված Ջրական եւ Կովսական ու մասնակցել օդանավակայանի բացմանը, հայտարարել է, որ Բաքուն պետք է փոխհատուցում պահանջի Երեւանից ագրեսիայի համար։

Նա ասել է, որ ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն ուղեւորություններ չեն կազմակերպում դեպի «ազատագրված տարածքներ»։ «Պատճառը պարզ է։ Նրանք չեն ցանկանում տեսնել իրենց անգործության հետեւանքները, տեսնել Արեւմուտքի արածի արդյունքները… Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում եւ փոխհատուցում պահանջել։ Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը», ըստ Անատոլիական գործակալության՝ ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի լեզվից ոչ ոք չէր քաշել փոխհատուցում բառը։ Երեւանում եթե լիներ ազգային իշխանություն, վաղուց Թուրքիայի առաջ կդներ 1920-ին ռուսների հետ ՀՀ տարածքների օկուպացիայի եւ 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի հարցը եւ կպահանջեր փոխհատուցում՝ առաջին փուլով՝ Նախիջեւանի, Կարսի, Արարատ լեռան շրջանի վերադարձը Հայաստանին։ Հաջորդ փուլում՝ Արեւմտյան Հայաստանի խնդիրը, միլիոնավոր մարդկանց սպանության ու սեփականության անօրինական օտարման դիմաց փոխհատուցման հարցը։ Կդներ հայ-հունական Անգորա քաղաքի (որը թուրքերը դարձրին մայրաքաղաք եւ անվանում են Անկարա) բնիկների սպանությունների ու խլված սեփականության փոխհատուցման հարցը։ Կդներ Կիլիկիայի հարցը նույն կտրվածքով։ Կդներ Ինջիրլիք ավիաբազայի հարցը եւ այլն։

ՀՀ իշխանությունը խորհրդարանում նույնիսկ քննարկումներ չնախաձեռնեց 1921-ի պայմանագրերի հարցով, որոնց իրավական առավելագույն ժամկետի սպառումն էլ հենց Հայաստանի դեմ 2020-ի արշավի պատճառն էր։ Չպահանջեց խաղաղության պայմանագրում Նախիջեւանի խնդրի ներառումը եւ հայկական իրավունքների վերականգնումը հայկական այդ ինքնավարության հանդեպ, ինչով կարող էր առնվազն հավասարակշռել Արցախի խնդիրը։

Ավելին, հայկական իրավունքներից ու պահանջներից հրաժարվելը, կապիտուլյացիայի եւ ՀՀ տարածքների բռնազավթման օրինականացումը համարվում է քաղաքական իրատեսություն ու ողջախոհություն։ Երեւանի մեն մի ստորագրությունից կախված Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի հույսը եւ վստահության հիմքը հայկական հենց այդ «ողջախոհությունն է»՝ իրենց ոճրագործություններն օրինականացնելու եւ հայկական գործոնն ու պետականությունը վերացնելու ծրագրերում։

lragir.am