Search
Close this search box.

Ինչ է սպասվում կաթողիկոսի դատախազ եղբորորդուն. որոշումը կայացվեց

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքը:

Ըստ որի՝ Կ. Ն.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ 2022 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալից ստացել է խոշոր չափերի՝ 2.460.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ և քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները:

Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2.460.000 ՀՀ դրամ կաշառք:

Օգտագործելով Արմավիրի մարզի դատախազությունում աշխատելու ժամանակահատվածում նույն մարզի դատախազության դատախազների և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների շրջանում ունեցած կապերը՝ Կ. Ն.-ն ձեռնամուխ է եղել կաշառքի դիմաց Ն. Դ.-ի օգտին խոստացված գործողության կատարմանը:

Արդյունքում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018 թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա ազատվել պատժից:

2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել և Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 460.000 ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, ով նույն օրը գումարը կանխիկացրել և Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություները չարաշահելուն դրդելու համար Կ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ նախկին /2003 թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022 թ./ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կաշառք ստանալուն օժանդակելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին /2003 թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022 թ./ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասով:

Խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին /2003 թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022 թ./ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: