Search
Close this search box.

Տեղեր կան, որ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին, Բաքուն դեռ չի թողնում դուրս բերենք

Ադրբեջանը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի զինծառայողների դիերը, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին, բայց, այս պահի դրությամբ, ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս, որ հայկական կողմը հանի մարմինները», – նշեց ՄԻՊ-ը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը:

«Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», – ասել էր Փաշինյանը: