Search
Close this search box.

Սեպտեմբերյան զոհերի մարմինները ԴՆԹ հետազոտություն են անցնում. չեմ կարող ասել` քանի մարմին կա. Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները կամ մասունքներն այս պահին արտասահման ուղարկելու կարիք չկա։

«Այս պահին որևէ կարիք չունենք արտասահմանյան բժշկական կենտրոնների կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու, մեր տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում է իրականացնելու հետազոտությունները։ Որոշները դեռ ընթացքի մեջ են, առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները», – կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանը հրաժարվեց հայտնել, թե քանի մարմին կամ մասունք կա, որ դեռ ինքնությունը պարզված չէ:

«Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, դեռ ամբողջ հետազոտական պրոցեսը չենք ավարտել», – նշեց Ավանեսյանը։

Նա ասաց, որ ամբողջական պատկեր ունենալու համար ԴՆԹ հետազոտություն է իրականացվում։

Նշենք, որ սեպտեմբերի13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: