Search
Close this search box.

Ոչ ուրախանալ, ոչ էլ տխրել է պետք, մեր երկրում ՏԻՄ-երը օրվա իշխանության կամակատարն են

Խորհրդային տարիներից մեզ ներշնչել են, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է զբաղվեն բացառապես աղբահանությամբ, ասֆալտապատմամբ, կանաչապատմամբ, կանալիզացիայով և շենքերի մուտքերի ու նկուղների դեռատիզացիայով: Անցել են տասնյակ տարիներ: Այժմ ՏԻՄ ընտրությունները անցկացվում են կուսակցական ընտրակարգով: Սակայն, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել:
Երեկ Հայաստանի որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Շատերն ուրախացել են, որ ՔՊ-ն մի քանի համայնքում «պարտվել է»: Ոմանք էլ գոհ են իրենց դաշինքի, կուսակցության «հաղթանակով»:

Կարծում եմ պետք չէ ոչ ուրախանալ, ոչ էլ տխրել: Մեր երկրում ՏԻՄ-երը, անկախ վերջիններիս ղեկավարների կուսակցական պատկանելությունից, օրվա իշխանության կամակատարն են: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չկա գեթ մեկ դեպք, երբ ՏԻՄ-ը բացահայտ դեմ գնա օրվա իշխանությանը: Ավելին՝ ՏԻՄ-ի ղեկավարի թեկնածուները (գոնե վերջիններիս զգալի մասը) առաջադրվում են ինչ-որ կուսակցության անունից, սակայն չգիտեն կուսակցության ծրագիրը և գաղափար չունեն կուսակցության գաղափարախոսության մասին: Բացի դրանից՝ թե՛ նախընտրական շրջանում, թե՛ պաշտոնավարման ընթացքում ՏԻՄ-ի ղեկավարներն ասում են, որ իրենք անկուսակցական են:
Այժմ եկեք համեմատենք:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելեսի Գլենդելը և Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը, Շվեյցարիայի Ցյուրիխն ու Ֆրանսիայի Լիոնը դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան:

Իսկ այժմ պատկերացրեք, որ Երևանի ավագանին ճանաչում է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը, Գյումրին դատապարտում է հույների ցեղասպանությունը, իսկ Արենի համայքը կոչ է անում չարտահանձնել քրդերին: Կարո՞ղ է այդպիսի բան լինել: Իհարկե, չի կարող: Չի կարող լինել նույնիսկ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը վառ արտահայտված ռուսամետ, իսկ Արենիի համայնքապետը՝ դաշնակցական լինի:

Այնպես որ ոչ ուրախացեք, ոչ էլ՝ տխրեք: Հայաստանը դեռ խորհրդային մտածելակերպով է ապրում: Մեր երկրում, ըստ խորհրդային ավանդույթների, ՏԻՄ-երը պետք է զբաղվեն բացառապես աղբահանությամբ, ասֆալտապատմամբ, կանաչապատմամբ, կանալիզացիայով և շենքերի մուտքերի և նկուղների դեռատիզացիայով: Կարող են նաև ոչնչով չզբաղվել, քանզի դա էլ է ավանդույթ: Եվ մեր պարագայում որևէ կապ չունի ՏԻՄ-ի ղեկավարի «կուսակցական» պատկանելությունը: Եթե ՔՊ-ն իշխանություն է, ապա «ընդդիմադիր» ՏԻՄ-ի ղեկավարը շատ արագ կապաընդդիմանա:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան