Search
Close this search box.

Երբ Պուտինին և Ռուսաստանին հայհոյելը փեշակ է, ու այն էլ խիստ եկամտաբեր

Եթե մի քանի տասնամյակ անց որևէ անկողմնակալ ուսումնասիրող հետաքննի մեր օրերի սոցիալական ցանցերն ու մամուլի միջոցները, ապա կարող է տարօրինակ եզրակացության գալ: Նրան կարող է թվալ, որ ինքը առնչվում է ոչ թե անկախ և ինքնիշխան Հայաստանի, այլ Ռուսաստանի որևէ նահանգի հետ:

Ամեն օր Հայաստանի սոցիալական ցանցերն ու մամուլը ամենատարբեր հոդվածներ ու մեկնաբանություններ են տարածում, որոնց հեղինակները Հայաստանի բոլոր ձախողումների, կորուստների ու դժբախտությունների մեջ մեղադրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի իշխանություններին:

Նախորդ օրն էլ ԱԺԲ-ն հանրահավաք է անում` թվում է, թե պետք է խոսեն Հայաստանի առաջ կանգնած խնդիրներից, Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնացող հարցերից, բայց չէ, ԱԺԲ անդամները խոսում են, թե ուր որ է Ռուսաստանը պատերազմում կպարտվի, ՌԴ նախագահը կկիսի Չաուշևսկուի ճակատագիրը կամ կհայտնվի Հաագայի դատարանում: Միթե կարելի է ավելի անպատասխանատու և անիմաստ վարքագիծ դրսևորել:

Դեռևս մեկ շաբաթ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի հայտարարություն տարածեց, ըստ որի ինքը որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար` խորապես անհանգստացած է Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ «Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր` մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։ Անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է։ Վստահ եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, քաղաքական, հասարակական վերնախավերը, գիտակից շերտերը շատ լավ հասկանում են, որ հայ-ռուսական դաշնակցային և խոր վստահության վրա ձևավորված բազմաշերտ հարաբերություններն են ունակ ապահովելու կայունություն` այս բարդ տարածաշրջանում, և մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման հնարավորություն»,-իր հայտարարությունում ասում է Գագիկ Ծառուկյանը։

Բայց հակառուսական տրամադրությունների ակտիվ տարածումը շարունակվում է:

Արցախում Հայաստանի կրած պարտության, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների գրավման, գերիներին ազատ չարձակելու, գների թանկացման և մարդկանց եկամուտների կտրուկ կրճատման, և բազմաթիվ այլ խնդիրների համար մեղավոր է հռչակվում Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը: Այս թեզը հատկապես ակտիվորեն են տարածում արևմտյան դրամաշնորհային կառույցների հաշվին սեփական բարեկեցությունը կառուցած ՀԿ-ների ղեկավարները, որոնց ընդհանրական անվանում են սորոսականներ՝ նկատի ունենալով, որ առավել շատ դրամաշնորհներ բաժանում է հենց Ջորջ Սորոսի հիմնադրամը, որը Հայաստանում գրանցված է Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամ անվան տակ:

Իշխանությունը որևէ կերպ չի հակազդում այդ քարոզչությանը, ընդհակառակը, ակտիվ նպաստում է դրա տարածմանը՝ գործի դնելով նաև պետական քարոզչամեքենան: Փաշինյանը առաջինն է շահագրգռված հակառուսական քարոզչության տարածմամբ: Նախ դրանով Հայաստանը միանում է ռուսաֆոբիայի արևմտյան թրենդին, մենք դառնում ենք արևմտյան հանրույթի մի մասը, որտեղ ամեն ռուսական, Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ ատելի ու մերժելի է: Դրանից բխում է մյուս հետևությունը, եթե ռուսները մեր թշնամիներն ու մեր դժբախտության միակ աղբյուրն են, ապա արևմուտքը մեր բարեկամն ու փրկիչն է: Սրա նպատակը Ռուսաստանը թշնամի ու ռուսների նկատմամբ ատելությամբ լցված երկրներով շրջապատելն է:

Որքան հասարակությունը շատ հավատա, որ իր դժբախտությունների մեղավորը Պուտինն ու ռուսներն են, այնքան լավ իշխանությունների համար: Այդ դեպքում իշխանությունը դադարում է թիրախ, իսկ հասարակությունը պահանջատեր լինելուց: Ինչ անի խեղճ Նիկոլ Փաշինյանը կամ նրա գլխավորած կառավարությունը, եթե գների թանկացման, սոցիալական վիճակի վատացման, Արցախի հանձնման կամ Հայաստանի սահմանների անպաշտպան լինելու մեղավորը Պուտինն է: Պուտինի դեմ ամբողջ աշխարհն է պատերազմում ու չի կարողանում հաղթել, Նիկոլ Փաշինյանն ով է, որ կարողանա ինչ-որ բան փոխել: Այ, երբ Պուտւինը այլևս չի լինի, այդ ժամանակ էլ հնարավոր է Հայաստանում ինչ-որ բան փոխել:

Արևմտյան քարոզչության կողմից հիմարացած և քննադատական մտածողությունից զուրկ զանգվածը հեշտությամբ է ընդունում և մարսում քարոզչական այս կլիշեները: Հայաստանը, որ 200 տարի եղել է ռուսական ազդեցության գոտում, իսկ հայերը ռուսներին համարել են եղբայր ու բարեկամ ժողովուրդ, որը ամենադժվարին պահին կարող է օգնության և փրկության ձեռք մեկնել, կամաց ու հետևողականորեն վերածվում է հակառուսական տարածքի:

Հայերի համար թշնամու և ոճրագործի կերպարը միշտ ասոցացվել է թուրքի հետ, քանի որ հարյուրամյակներ շարունակ թուրքերն են գաղթի, կոտորածների ու Ցեղասպանության միջոցով հայերին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից, այն թուրքական տարածք դարձնելու նպատակով: Հիմա էլ թուրքերն են Ադրբեջանին օգնում գրավել Արցախը, մտնել Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Լավ, դրա համար էլ է Պուտինը մեղավոր: Հա, իհարկե, մեղավոր է:

Ամերիկացիները դրա պատճառահետևանքային կապն էլ են հորինել. ամերիկյան ֆինանսավորում ունեցող ԱԺԲ-ն Ռուսաստանը և Թուրքիան ամեն կերպ նույնացնում է իրար հետ, դրանով մանիպուլացնելով հանրային գիտակցությունը: Քանի որ մեր հանրային գիտակցությունից թուրքի՝ որպես թշնամու և ոճրագործի կերպարը դժվար է հանել, բայց դա կարելի է օգտագործել, եթե հնարավոր լինի հայությանը համոզել, որ թուրքն ու ռուսը դաշնակիցներ են, ու այդ դաշինքը ուղղված է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ:

Եթե ռուսն ու թուրքը բարեկամներ են, ինչու է ռուսական 102 ռազմաբազան տեղակայված Գյումրիում, ինչու են ռուս սահմանապահները կանգնած հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով: Դե թող սահմանը բացեն, ու Հայաստանում թուրքերի հետ եղբայրություն անեն, ով է իրենց խանգարում: Թե մարդիկ գենետիկ հիշողությամբ գիտակցում են, որ եթե ռուսական զինվորը դուրս գա Հայաստանից, դրա տեղը մի ժամ հետո թուրք զինվորն է մտնելու: Ով է կանգնելու թուրքական բանակի դեմը, չլինի Ժիրայր Սեֆիլյանը կամ Գարեգին Չուքազսյանը, իրենց ծռերի հետ, որոնք 2020 թվականին նույնիսկ արցախյան ճակատ չգնացին՝ պատճառաբանելով, որ իշխանությունը թույլ չի տալիս մասնակցեն Արցախի ինքնապաշտպանությանը: Թե, ինչպես հավաստիացնում էր Սեֆիլյանը՝ Բայդենը մի զանգով կկանգնեցնի թուրքերի ներխուժումը Հայաստան: Էդ դեպքում Բայցենը ինչի մի զանգով չկանգնեցրեց ռուսական բանակի մուտքը Ուկրաինա, որի արդյունքում երկիրն ավիրվում է, տասնյակ հազարավոր մարդիկ էլ՝ զոհվում: Չլինի Կրեմլի համարն էր մոռացել, թե Մոսկվայում հեռախոսը վերցնող չկար:

Հայաստանում ինչքան շատ հայհոյես ռուսներին, որքան շատ մեղեքերի մեջ մեղադրես Պուտինին, այնքան ավելի մեծ հնարավորություն կունենաս փող աշխատելու և բարեկեցությանդ մակարդակը բարձրացնելու: Հայհոյիր Պուտին և Ռուսաստանին, և գրանտ և ամերիկյան ֆինասավորում ստացիր, մեխանիզմն աշխատում է անխափան: Որ դրա արդյունքում Հայաստանը կարող է ոտնատակ լինել, ինչը որևէ մեկին չի էլ հետաքրքրում, կարևորն այսօր իրենց համար լավ լինի:

«Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման՝ ռազմաքաղաքական, անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում»,- իր հայտարարության մեջ զգուշացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց այդ զգուշացումը կորում է հակառուսական համընդհանուր ոռնոցի մեջ:

ArmLife.am