Search
Close this search box.

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է երեք տարի

Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության երրորդ տարին:

Երեք տարի առաջ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում իրենց տան մեջ սպանված գտան Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, միայն 6 ամսական երեխան էր ողջ մնացել՝ վիրավորված։ Դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացավ նաև փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը:

Այդ օրերին ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Հանցագործությունը կատարվել էր վաղ առավոտյան, երբ բոլորը անկողնում են եղել։ Շարժառիթները պարզ չեն, քանի որ տեսանելի վայրում դրված ոսկեղենը մնացել է։ Պարզվել է ենթադրյալ հանցագործի ինքնությունը. նա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։

Նա, վերցնելով իրեն ամրագրված զենքը՝ ԱԿ-74 ինքնաձիգը, փախել է պահակակետից։ Ռուսական կողմի որոնումները արդյունք չտվեցին։ Հանցագործությունից հետո դեպքի վայրում նա թողել էր զենքը և մեկ պահունակ։ Պերմյակովը հանցանքի վայրում զգեստափոխվել էր, հանել զինվորական համազգեստը, հագել քաղաքացիական հագուստ և հեռացել։

Վալերի Պերմյակովը սպանությունը կատարել էր առանձնակի դաժանությամբ։

Դեպքի առթիվ նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 5, 8 կետերի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4 կետերով՝ ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ և 34-329 հոդվածի 1-ն մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:

2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանն Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

Այնուհետև պանության մասով գործը հանձնվեց հայկական կողմին: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նիստի նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը, ապացուցված համարելով Վալերի Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանություն` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), ամբաստանյալին դատապարտեց ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ. հունվարի 13-ից: