Search
Close this search box.

Հայաստանին է հանձնվել «Իգլա» հրթիռի մաքսանենգության համար հետախուզման մեջ գտնվող անձը

Հայաստանի եւ Վրաստանի դատախազությունների միջեւ համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու  նպատակով  Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության եւ դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել  նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների եւ Վրաստանի ՆԳՆ Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական Դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Ռ. Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում:

Վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է եւ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ: