Search
Close this search box.

Քոչարյանը, Սարգսյանը և Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս. Վարչապետը փաստեր ներկայացրեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով ու ռազմավարությամբ, կատարյալ սուտ են:

«Այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը և այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարեց վարչապետը:

Վարչապետն իր հայտարարությունը հիմնավորող փաստեր և ապացույցներ ներկայացրեց:

«1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, ընդհանուր պետության առաջարկը, որում ասվում է, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Երկրորդ մեջբերումն ընդհանուր պետություն փաթեթից. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Ադրբեջանի անձնագիր «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Այս մասին, բնականաբար, իմացել են և´ Ռոբերտ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանը, և´ Դաշնակցությունը: Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ընդհակառակը՝ վերը նշված տարբերակը հիմք ընդունելով, նրանք ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ավելին, նրանք այս քայլով արհամարհել են 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ընդունած անկախության հռչակագիրը և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն և նրա արդյունքները»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ ընդհանուր պետություն բանակցային փաթեթին հաջորդել է, այսպես կոչված, տարածքների փոխանակման փաթեթը:

«Ուզում եմ ընդգծել, որ այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս: Ինչո՞ւ, որովհետև նշված փաթեթի իմաստն այն է, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում Լեռնային Ղարաբաղը: Այսինքն՝ եթե Հայաստանը պետք է իր ինքնիշխան տարածքի մի մասը հանձներ Ադրբեջանին Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք: Այստեղ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք, կարծում եմ, չկա: Մանավանդ, որ խնդրո առարկա նախագծում հենց ուղիղ էլ գրված է, որ Հայաստանը տալու է Մեղրիի, Ադրբեջանը՝ Լաչինի շրջանը, Շուշին և Լեռնային Ղարաբաղը: Ուշադրություն դարձրեք, Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին տվողը, նշանակում է, որ Քոչարյանն ընդունել է, թե Ղարաբաղը Ադրբեջանինն է Շուշիի և Լաչինի հետ, ինչպես Մեղրին է Հայաստանինը, որն իր հերթին տալիս է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը ստանալու համար

Այսինքն՝ բանակցային վերը նշված հանրահայտ կոնցեպտների քննարկմամբ, մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Դաշնակցություն եռյակը իր իշխանավարության տարիներին մի դեպքում ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, իսկ երկրորդ պարագայում ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է»,- շեշտեց վարչապետը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ այս իրողությունները ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում:

«Այդ սկզբունքները հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից պաշտոնապես Հայաստանին և Ադրբեջանին են ներկայացվել 2007 թվականին Մադրիդում և հայկական կողմը համաձայնել է դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք: Երբ դա տեղի ունեցավ, Ռոբերտ Քոչարյանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետ էր, Դաշնակցությունն էլ կառավարության մաս էր և իշխող թիմի անդամ էր ու հենարան: Նկատի ունեմ, ինչպես բանակցային ողջ նախորդ ընթացքում, այնպես էլ Մադրիդյան սկզբունքների ընդունման ժամանակ նրանք համատեղ պատասխանատվություն էին կրում: Եվ ահա արձանագրենք, որ Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս և բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն: Ինչպես է հիմնավորվում իմ ասածը: Ինչպես հայտնի է, Մադրիդյան սկզբունքներով սահմանվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի կողմերի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված ժամկետներում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով: Առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. այդ դեպքում ո՞ւ ր մնաց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած անկախության հանրաքվեն: Եթե դու ասում ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, փաստորեն հայտարարում ես, որ անցյալում՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն կարգավիճակի առումով որոշիչ չի եղել: Եթե որոշիչ չի եղել, ինչո՞ւ ես ասում, թե կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, իսկ եթե ասում ես, թե նախկինում տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակի հարցով որոշիչ չի եղել, փլուզում ես Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հայկական ամբողջ խոսույթն ու բանաձևը, որովհետև հայկական կողմի ամբողջ ասելիքը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միանգամայն օրինական եղանակով, այն է՝ հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից: Սա եղել է հայկական խոսույթը 1991 թվականից ի վեր, և ահա 2000-ականների կեսին Մադրիդյան սկզբունքները և ձևակերպումները ընդունելով՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Դաշնակցություն եռյակը, փաստորեն, Լեռնային Ղարաբաղը վերադարձրել են Ղարաբաղի կազմ, որովհետև ասել, որ 1991 թվականի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակը չի որոշել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը այդ հանրաքվեով անկախություն չի ստացել, կարգավիճակ չի ստացել, և այդ կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով: Ավելին՝ Մադրիդյան սկզբունքներով բացառվել է Լեռնային Ղարաբաղի չլինելը Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ, որովհետև այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում, այսինքն՝ ուներ հնարավորություն իր համար ոչ ցանկալի որևէ կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար»,- եզրափակեց Փաշինյանը: