Search
Close this search box.

Զինվորին հասցրել են ինքնասպանության. քննիչը հարցաքննվածների վրա ճնշում է գործադրել. ՀՔԱՎ

2017 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտումը և հարցաքննվեց ամբաստանյալ Հ․ Մուրադյանը: Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և հայտարարեց, որ վարույթն իրականացրած քննիչն սպառնացել է իրեն։ Կողմերը հարցեր ուղղեցին ամբաստանյալին, որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ․ Սիրադեղյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանց և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջև առկա էին էական հակասություններ։

Միջնորդությունը բավարարվեց, իսկ ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալը պնդեց դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները։ Դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդը միջնորդեց հրապարակել նաև Գևորգ Խաչատրյանի հոր և հորեղբոր նախաքննական ցուցմունքները, սակայն, միջնորդությունը մերժվեց։ Ապա հետազոտվեցին առերես հարցաքննությունների և հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն տված փորձագետի հարցաքննության արձանագրությունները։
Հետազոտված ապացույցների առնչությամբ միջնորդություններ կամ դիրքորոշում ունենալու դատավորի հարցին ի պատասխան՝ մեղադրող Ս․ Խաչատրյանը հայտնեց, որ տուժողների, վկաների ու ամբաստանյալների  նկատմամբ ճնշում գործադրելու մասին վերջիններիս ցուցմունքները նպատակ են հետապնդում հաղորդում ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն, և այս հիմքով խնդրեց ապացույցների հետազոտման փուլը չավարտել և հետաձգել դատական նիստը։

Տուժող կողմը միացավ ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ ինչպես քննիչների գործողություններին, այնպես էլ տուժողների ու վկաների ցուցմունքների արժանահավատությանը։ Պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հարցը կարող է լուծվել սույն գործով քննիչին որպես վկա դատարան հրավիրելու միջոցով։ Սակայն դատարանը հիմնավոր համարեց մեղադրող Ս․ Խաչատրյանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչ 2018 թ․ հունվարի 31-ը: