Search
Close this search box.

ԱՄՆ-ի դեսպանը դեռ ասելիք չունի՞․ էսքան երես եք տալիս, որ հետո ի՞նչ անեք

ԱՄՆ-ի դեսպանը դեռ ասելիք չունի՞ լրագրողներին հավատարմագրումից զրկելու «ժողովրդավարական» նոր լրամշակաման մասին։ Ե՛ս ունեմ,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը

Ուրեմն, դեռ 1990-ականների սկզբից են իշխանությունները փորձել իրենց անցանկալի լրատվամիջոցներին ու լրագրողներին ներքին կարգով զրկել հավատարմագրումից, բայց ոչ ոք չէր համարձակվել դա դարձնել համատարած ու պաշտպանել օրենքով. դրան գնաց միայն իրեն լրագրող համարող և ընտանեկան թերթ ունեցող վարչապետի թիմը, որին կողքից իր հայտարարություններով երես է տալիս կոնկրետ մի երկրի դեսպան առնվազն: Ես պատահական զուգադիպություն չեմ համարում դեսպանի հայտարարություններից երկու-երեք օր անց նման լրամշակում անելու համարձակությունը։

Ինչևէ։ Լրատվամիջոցների դեպքերն առավել հայտնի են, աղմուկ է եղել, բայց լրագրողների դեպքերը շատ սուսուփուս են անցել։ Ուրեմն, 30 տարի շարունակ իշխանությունները փորձել են ազդեցիկ լրատվամիջոցներին ուղղորդել, թե իրենց ո՛ր լրագրողին հավատարմագրեն իրենց աշխատանքը լուսաբանելու համար։ Երկրի հենց ղեկավարի՞ց կախված լիներ, թե լրատվամիջոցներով զբաղվող նրա նշանակած անձից, միևնույն է՝ ղեկավարին է վերագրվում։ Այդ հարցում մի քիչ ավելի պասիվ էին Սերժ Սարգսյանի նախագահման ժամանակ, առավել ակտիվ՝ Ռոբերտ Քոչարյանի, բավական ագրեսիվ՝ Լևոն Տեր Պետրոսյանի նախագահման օրոք։

Վայ էն լրագրողին, որի ղեկավարը դրանց կամակատարն էր…Ու շատ քիչ լրատվամիջոցների ղեկավարներ կարող էին նախագահականից նման հորդոր անողին ուղարկել՝ ուր որ պետք է։ Ավելին ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի լրատվական թիմն իրեն այդպես էր պահում նաև 2008-ի ընտրարշավում, երբ Տեր-Պետրոսյանն ընդամենն ընդդիմության թեկնածու էր։

Նրա երբեմնի խոսնակ Լևոն Զուրաբյանը համարձակվում էր անգամ «Ազատություն» ռադիոկայանին հրահանգներ տալ, օրինակ, որ եթերում իրենց թեկնածուի մասին ասվի ոչ թե նախկին նախագահ, այլ առաջին նախագահ (ահա թե որտեղից է գալիս «նախկին» բառի հանդեպ հակակրանքը)։

Բայց բուն թեմային վերադառնամ. նույն ընտրարշավի ժամանակ իր ասուլիսին մի անգամ Զուրաբյանը չթաքցրեց էլ հիասթափությունը, որ «Ազատությունից» ես եմ ներկա իր ասուլիսին՝ բա Էսինչ Էսինչյանն ինչու՞ չի եկել…Բայց Զուրաբյանի բոլոր էդ ջանքերը հիմա սրանց դեմ ընդամենը երեխայական լեգոյահավաքություն են…
Էլի վերադառնամ սկզբին, ժողովրդավարության բաստիոն համարված Արևմու՛տքդ, որիդ արժեքներն եմ դավանել ու տարածել ողջ մասնագիտական կյանքումս, (համընկնում է գրեթե ողջ գիտակցական կյանքիս հետ), հակաժողովրդավարին էսքան երես եք տալիս, որ հետո ի՞նչ անեք…