Վերջին շրջանի ամենալուրջ պաշտոնանկությունը, թերևս, Հայկազ Բաղմանյանի պաշտոնանակությունն էր, որից գոնե հասարակության ու որոշ անհատների դժգոհությունը բավականին մեծ էր: Նախ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանն արդեն տարիներ շարունակ բողոքում է, որ Բաղմանյան Հայկազն իրենից խլել է իր բիզնեսը:
Սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն էլ տարիներ շարունակ հենց Հայկազ Բաղմանյանին է մեղադրում իր որդու սպանության մեջ. «Հայկազ Բաղմանյանը 2007թ-ին բանակում իր թիկնապահների հետ սպանել է իմ որդուն՝ Տիգրանիս, բայց ինձ պաշտոնապես ներկայացրել են, թե իբրև իմ որդին էլեկտրահարվել է, որդուս գործը կասեցրել էին, որովհետև իբր թե սպանության գործիքն է անհետացել»: Որդեկորույս մոր կարծիքով՝ Բաղմանյանը պետք է ոչ թե միայն պաշտոնանկ արվեր, այլ նրան պետք է հրապարակի մեջտեղում կախաղան հանեին, քանի որ ըստ Գոհար Սարգսյանի՝ նա բանակում այնպիսի հանցագործություններ է թույլ տվել, որոնց համար պետք է պատասխանատվություն կրի»։
Հայկազ Բաղմանյանի մասին մամուլը ևս պարբերաբար անդրադարձել է: Մասնավորապես՝ առանցքում է եղել ռեստորանատեր գեներալի ունեցվածքը , որտեղից էլ շղթան հասնում էր քառօրյա պատերազմ ու հարյուրից ավելի զոհեր: Հենց Բաղմանյանի ու նրա նման գեներալների ունեցվածքի շնորհիվ ունեցանք այդքան զոհ ու հողերի կորուստ: Եվ մինչ հասարակությունը սպասում է, որ պաշտոնանկությունից հետո պատկան մարմինները պիտի սկսեն ուսումնասիրել Բաղմանյանի ունեցվածքն ու բանակից թալանվածը հետ վերադարձնել զինվորին , հանկարծ հայտնվում է մեկ այլ սերնդակից գեներալ` Մանվել Գրիգորյանն ու խոսում Բաղմանյանի առաքինության մասին.
«Հայկազը զինվորական տղա ա, 24 ժամ էլ պետք լինի, էս երկրում.., համ էլ նա ոչ թոշակառու է, ոչ բան: Այս երկրում տարբեր ծառայություններ, աշխատանք կա, կգնա: Հայկազի մասին միշտ էլ լավն ենք խոսում, Հայկազը մարտական մեծ ուղի ունի, թե՛ Արցախյան պատերազմում, թե՛ Ապրիլյան պատերազմում:
Բաղմանյան Հայկազը լուրջ մասնագետ ա, զինվորական ա, մասնագիտությունը զինվորականություն ա, զինվորական բարձր կրթություններ ունի դեռեւս ռուսական ժամանակներից, էս վերջի 7-8 տարիները բանակի մարտական պատրաստակամությամբ է զբաղվել, ինժիներական զորքերի, ֆիզիկական պատրաստականության: Բանակի ծուծն ու ուղեղն էնքան լավ գիտի, որ քիչ մարդիկ գիտեն ըտենց»:
Իհարկե, Մանվել Գրիգորյանի այս գնահատականը բիզնեսմեն գեներալին մի քանի պատճառ կարող է ունենալ. նախ, ինչ որ տեղ կարող են համընկնել գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Հայկազ Բաղմանյանի շահերը` բանակի անվան տակ սերնդակից գեներալների հարստանալը, իշխանության կողքին լինելը, բայց մյուս կողմից էլ գեներալ Մանվելը խոսում է, որովհետև վտանգը մոտենում է իրեն: Այսօր չկա Բաղմանյանը, վաղը կարող է հեռացվել Մանվել Գրիգորյանը, չէ որ Մանվել Գրիգորյանը լավ գիտի, որ մեխն էլ, չագուչն էլ մի մարդու՝ Սերժ Սարգսյանի ձեռքին է, իսկ Սերժ Սարգսյանը լավ գիտի՝ ումից, երբ ազատվել: Հիմա Մանվել Գիրիգորյանը ինչով է ավել կամ պակաս Բաղմանյան Հայկազից , երկուսն էլ գեներալ, երկուսն էլ հզոր կարողության տեր: Ահա թե ինչու Մնավել Գրիգորյանը այդպես խոսեց Բաղմանյանի մասին, ճիշտ այնպես,ինչպես կխոսեր ինքն իր մասին:
Իսկ Սերժ Սարգսյանը պարբերաբար ապացուցել է, որ անձեռնմխելի ու ամենակարող ոչ ոք չկա` կլինի Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան, թե Մանվել Գրիգորյան: