Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչ է բանակցել Բրյուսելում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։

«Երեկ մինչև ուշ երեկո Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում։ Առաջինը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ։ Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները, հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն։

Կառավարության նախորդ նիստում ունեցած ելույթում ես բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր ունեցած նկատառումները, և տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը։ Եվ մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։ Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, այս գործընթացում հայկական կողմն էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը։ Եվ պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ։ Մյուս որոշումը մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր։

«Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ, առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեկ տարվա քննարկումների արդյունքում ի վերջո այս հարցով այսպիսի կոմպրոմիսային որոշման են հանգել։ «Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներք, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են։ Եվ այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա։ Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում։ Եվ այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք։ Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած սահմանագիծն է։ Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- նշեց նա։

«Եթե ընդհանուր գնահատական տամ բրյուսելյան հանդիպմանը, պիտի արձանագրեմ, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու մեր օրակարգը և պիտի առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն։ Ցավոք, դա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պիտի հետևողական իրագործենք»,- ասաց Փաշինյանը։