Search
Close this search box.

Օր 43. Պատերազմը շարունակվում է. ինչ է կատարվել գիշերը ու դրանից առաջ

ԱՄՆ-ը և դաշնակիցները կձգտեն ի վերջո Ռուսաստանին զրկել նավթի և գազի արտահանումից ստացված ցանկացած եկամուտից, ասում է Սպիտակ տունը:
***

ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել, Վաշինգտոնը զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար, հայտարարել է Սպիտակ տունը։
***

Մակրոնն ասել է, որ ճիշտ է համարում Պուտինի հետ երկխոսություն պահպանելը, իսկ Լեհաստանի վարչապետի քննադատությունը իր և Պուտինի միջև երկխոսության վերաբերյալ «անհիմն» և «վրդովեցուցիչ» է անվանել։
***

Ռուսաստանից գազի մատակարարման էմբարգոն այս պահին չի քննարկվում, ասել է Իտալիայի վարչապետը։
***

Խորվաթիան կվտարի ՌԴ դեսպանատան մի քանի աշխատակցի։
***

ԱՄՆ-ն Ուկրաինային 100 Switchblade կամիկաձե-ԱԹՍ է փոխանցելու։
Ամերիկացի զինվորականները մի փոքր խումբ ուկրաինացի գործընկերների սովորեցնում են աշխատել դրանց հետ․ ուկրաինացի զինվորականները անցած աշնանից ի վեր մասնագիտական պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, ասել են Պենտագոնում։
***

ՄԱԿ-ում վաղը որոշում կկայացնեն Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին։ Բանավեճ չի նախատեսվում, որոշման համար կպահանջվի նիստի մասնակիցների ձայների երկու երրորդը։
***

Ռուսաստանը գազ կարտահանի այլ երկրներ, եթե Եվրոպան հրաժարվի դրանից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տասնամյակներ շարունակ պատժամիջոցների տակ ենք ապրում, սովոր ենք։ Ինչ վերաբերում է գազին, ապա կփորձենք այն արտահանել այլ երկրներ, գազի կարիք շատերն ունեն», – ասել է նա։
***

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ։

Մասնավորապես, սառեցվել են ռուս պաշտոնյաների ամերիկյան ակտիվները։
***

Պուտինի խոսնակ Պեսկովը չի բացառել, որ ՌԴ֊ն կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները արևմտյան երկրների հետ, եթե ռուս դիվանագետներին արտաքսելու պրակտիկան շարունակվի։
***

Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 80 ռուբլի։
***

Արտասահմանյան լրատվամիջոցները երկու օր անց ճանաչել են ռուս զինվորականների սպանության տեսագրության իսկությունը. The New York Times-ը հայտնել է, որ տեսանյութն իսկապես ցույց է տալիս մարտի 30-ին ուկրաինական զորքերի դարանակալած ռուս զինվորների սպանությունը:

Ուսումնասիրելով կադրերը՝ հրատարակությունը եկել է այն եզրակացության, որ սպանդի հեղինակները «Վրացական լեգեոնի» անդամներ են։
«Սպանությունները, ըստ երևույթին, եղել են այն ժամանակ, երբ ռուսական զորքերը նահանջում էին Կիևից արևմուտք գտնվող փոքր քաղաքներից, որոնք շաբաթներ շարունակ ծանր մարտերի թատերաբեմ էին»,- Readovka թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ գրել է լրատվամիջոցը:
***

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել Habertürk-ին, որի ընթացքում Թուրքիային շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների համար: Հարցազրույցի այս հատվածը տարածվել է նաև հայկական թելեգրամյան ալիքներում:

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային անօդաչու թռչող սարքերի համար։ Դրանք կարևոր դեր են խաղում մարտական ​​գործողություններում։ Անօդաչու սարքերը հատկապես կարևոր էին ռուսական ագրեսիայի առաջին օրերին: Քանի որ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, այժմ ժամանակը չէ մանրամասնորեն քննարկելու վիճակագրությունը և կիրառված մարտավարությունը», – ասել է Զելենսկին: