Search
Close this search box.

Ամուսինները միմյանց հարվածել են արդուկով, ծաղկամանով, տղամարդը սպառնացել է սպանել

Ռոլանդ Մ.-ն 2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, կնոջ՝ Ռ․ Հ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով 2-3 անգամ հարվածել է նրա դեմքին:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործը դատարան է ստացվել 2021 թվականի դեկտեմբերի 28-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ տղամարդը կնոջը պատճառել է գանգուղեղային փակ վնասվածքի, ձախ աչքի ստորին կոպի արյունազեղման ձևով: Բացի այդ՝ Ռոլանդ Մ.-ն 2021 թվականի օգոստոսի 13-ին, կնոջ հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ մահակը ձեռքին սպառնացել է, որ կսպանի նրան, ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ:

Նշվում է, որ Ռ․ Հ.-ն այդ սպառնալիքներն իրական է ընկալել, որն էլ առաջացրել է վախ, տագնապ, իր անվտանգության համար անհանգստություն, որից հետո նա սեղանին դրված արդուկը հրել է դեպի ամուսնու կողմը, որը դիպել է նրա ձեռքին, ինչից զգացել է ֆիզիկական ցավ և ստացել մարմնական վնասվածք, այնուհետև հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, մասնավորապես 2-3 անգամ դեմքին՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Դեպքից հետո՝ Ռոլանդ Մ.-ն 2021 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում կնոջ՝ Ռ․ Հ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ վերջինիս ասել է, որ իրեն այսօր սպանելու է, դա իր վերջին օրն է, որից հետո բարձրախոսը և ծաղկամանը նետել է կնոջ ուղղությամբ, որոնք կպել են նրա աջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Ռոլանդ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդված (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ հոդվածի (ծեծը) հականիշներով:

Նրա նկատմաբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: