Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. ՌԴ զորքը փորձում է ճեղքել Կիևի պաշտպանությունը

Ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանական գործողությունները երկրի արևելյան, հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։ Այս մասին մարտի 28-ի առավոտյան տեղեկագրում հայտնել է երկի Զինված ուժերի Գլխավոր շտաբը։

Նշվում է նաև, որ Կիևի պաշտպանության ուժերի և միջոցների խմբավորումը հետ է պահում հակառակորդին, որը փորձում է հյուսիս-արևմուտքից և արևելքից ճեղքել պաշտպանությունը՝ հսկողության տակ առնելու առանցքային ճանապարհներն ու բնակավայրերը։

Ըստ տեղեկագրի՝ հարավում Ուկրաինայի Զինված ուժերի հիմնական ջանքերը կենտրոնացած են Կրիվոյ Ռոգի, Զապորոժիեի և Նիկոլաևի պաշտպանությունը կազմակերպելու վրա։

Ավելի վաղ ուկրաինական կողմը հաղորդել էր, որ մարտի 27-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում կորցրել է 16 600 զինվոր, ինչպես նաև 582 տանկ, 127 ուղղաթիռ և 121 ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: