Search
Close this search box.

Ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել. կուրսանտ Հայկազ Բարսեղյանին դաժանաբար սպանել, ապա կախել են ապագա զինվորականների լուռ հայացքների ներքո

1in.am-ը գրում է, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց կապիտան Արտյոմ Ավետիսյանը:

Դեպքի պահին նա եղել է ռազմական ինտիտուտի առաջին մարտկոցի առաջին դասակի հրամանատար: Ներկայումս նա սահմանամերձ Խաչիկ գյուղում է ծառայում, ասաց, թե դատարան է եկել դիրքերից…

Հենց դեպքի գիշերը կապիտան Ավետիսյանը եղել է առաջին մարտկոցի պատասխանատու սպան, ով նույնիսկ գիշերային շրջայցեր է կատարել, ստուգել է ննջասենյակները, բայց միայն մահճակալներին եղած ծածկոցների ուռուցիկությունը բավական է եղել՝ եզրահանգելու համար, որ կուրսանտները բոլորը «հանգիստ» քնած են իրենց անկողիններում:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի բացակայությունը արյան մեջ թաթախված անկողնուց առաջինը նկատել են կուրսանտները՝ «վերկաց» հրամանից հետո, ու զեկուցել են կապիտան Ավետիսյանին: Վերջինս շտապել է թիվ 408 ննջարան: Նա նայել է արյամբ ներծծված դատարկ անկողնուն, կարգադրել է, որ առավել ճարպիկ կուրսանտները որոնեն Հայկազին: Ննջարանում քնող կուրսանտները, պատասխանելով կապիտանի հարցերին, ասել են, թե գիշերը քնած են եղել, ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել, իսկ ոմանք հանկարծ «վերհիշել են», որ Հայկազը անկումային տրամադրություն ուներ նախօրեին, նա սենյակում ասել է՝ մի բան կա, եթե ստացվի, վաղը հնարավոր է էստեղ չլինեմ, նույնիսկ համազգեստի մասերն է առաջարկել տղաներին:

Կապիտան Ավետիսյանը դատարանում նշեց, որ Հայկազին ինքը վերջին անգամ տեսել է դեպքի գիշերը: «Քուն» հրամանից մոտ երկու ժամ հետո Հայկազին տեսել է միջանցքում: Նրա ձեռքին կես լիտրանոց շշով ջուր կար: Կապիտանը հարցրել է՝ որտե՞ղ էիր: Հայկազը պատասխանել է՝ զուգարանում: Կապիտանը հարցրել է՝ ի՞նչ էիր անում: Հայկազը կատակի է տվել՝ «Զուգարանում ի՞նչ են անում…»: Կապիտանն ասաց, որ այդ պահին Հայկազի տրամադրությունը լավ էր, ինքը անկումային տրամադրություն չի նկատել, հակառակը՝ Հայկազն իրեն պատասխանել է կատակով…

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: