Search
Close this search box.

Քառօրյայի տղաներին քաշքշուկի մեջ են պահում Պաշտպանության ու Կրթության նախարարությունները. Տղաները դեռ չեն դիմել Սերժ Սարգսյանին

Քառօրյա պատերազմից հետո, պատերազմին մասնակից տղաների շատ ու շատ խնդիրնե,ր պատկան օղակները այդպես էր չդարձրին օրակարգային, ավելին, այն ինչ խոստացվեց այդ օրերին` մնաց զուտ խոստումների մակարդակի: Եվ ահա ստեղծվեց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում, որի նախագահ Մանուել Մանուկյանը  Armlife կայքի զրուցակիցն է.

-Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը ստեղծվեց, փաստորեն, 2016 ապրիլից մոտ տարի ու կես հետո: Ինչո՞ւ, ի՞նչխնդիրներ էին կուտակվել, ժամանակն էր հասունացել , թե այլ պատճառով.«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը պետականորեն ու պետռեգիստրով փաստացի ստեղծվել է 2016 թ.-ից մոտ տարի ու կես հետո, բայց կազմակերպության գաղափարը մեզ մոտ եղել է հենց պատերազմի օրերին: Ապրելով պատերազմական ծանր ու դժվարին պահերը, տեսնելով ամեն բան, որոշել ենք այնպես անել, որ մեր օրոք նկատած թերությունները չհասնեն ավելի երիտասարդ զինակից մեր ընկերներին ու մեր ունեցած պատերազմական փորձը օգտագործենք մեր բանակի զարգացման համար: Բանակում էլ, կյանքում էլ, խնդիրներ միշտ եղել են, կան ու շարունակվելու են լինել, մեր նպատակն է օգտագործել ապրիլյան պատերազմի մասնակից տղաների փորձը, միավորել այդ տղաներին ու պարզ ճակատով գնալ ընդառաջ այդ բոլոր խնդիրներին և լուծել դրանք՝ մեր բանակի հետ միասին: Իսկ կազմակերպություն ստեղծելու համար մեզ ժամանակ էր պետք, քանի որ չունեինք գումար՝ անգամ միավորման գրանցման համար, ( բանակից վերադարձել էինք) մեզ համար ֆինանսական առումով դժվար ժամանակ էր, մեզանից շատերը ուսանող էին, շրջաններում ապրող տղաներ, Երևանում կացարան չունեինք: Հարկավոր էր աշխատանք գտնել, մեր տարրական հարցերը լուծելու համար, ինչն էլ մեզանից տևական ժամանակ պահանջեց:

Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ հարյուրավոր ուսանողներ, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել քառօրյայի ժամանակ, այսօր ուսման վճարի զեղջի հետ կապված խնդիրներ ունեն: ԲՈՒՀ–երի, թե՞ ՊՆ-ի կողմից են այդ տղաները հայտնվում արհեստական քաշքշուկի մեջ, քանի որ երկրի նախագահը Դիլիջանում ասաց, թե այդ տղաները պետք է ընդհանրապես անվճար սովորեն:
-Դա ցավալի հարցերից է ու դա թե ԿԳ նախարարության, թե ՊՆ մեղավորությունն է: Չի կարելի այդպես վարվել այն տղաների հետ, ովքեր համեստ են եղել ու չեն բարձրաձայնում իրենց արածները, չի կարելի չհարգել անհայտ հերոսներին, ովքեր շատ գործ են արել, բանակում եղել են օրինակելի, բայց համեստ են ու դրա համար անտեսվում են: ՀՀ նախագահին դեռ չենք դիմել այս հարցով, առայժմ սպասում ենք, քանի որ ասացին, թե ՊՆ մեր բողոքի ակցյայից հետո զբաղվում է այդ հարցով ու պատրաստվում է լուծել խնդիրը: Մենք հետևողական ենք մեր բարձրաձայնած հարցերում ու մենք այդ ամենը անում ենք հանուն մեզ, հանուն արդարության, պարտադիր չէ մարդը բարձր գոռա, ընդվզի, որ լսելի դառնա, դա զարգացվածության ցածր աստիճանի մասին է խոսում, պետք է հարգել գործի մարդկանց և չթողնել, որ նրանք հիասթափվեն, քանի որ գոռացողները՝ միայն գոռալու համար են ու երբ վրա հասնի գործ անելու պահը` նրանք էլ պետք չեն և վիճակը ծանր կդառնա առանց այն համեստ ու աշխատասեր տղաների, որոնք միայն ու միայն գործ են անում` առանց սպասելիքների:

-Բոլորին հայտնի է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներից շատերի զինգրքույկում այդպես էր չգրվեց`քառօրյա պատերազմի մասնակից, հնարավո՞ր է, որ այդ հարցը դրվի Ձեր միավորման օրակարգում՝ այն դիտարկելով ոչ միայն փաստերի շրջանակում, այլ նաև բարոյական հարթությունում:
-Ոչ թե հնարավոր է, որ կդրվի, այլ արդեն դրված է ու այդ հարցը ազգային հարց է, դա պատմիչների հարցն է, նաև բոլոր այն մարդկանց հարցն է, ովքեր իրենց հայ են համարում, ովքեր հայ զինվորին հարգում են ու ովքեր պատրաստ են կանգնել զինվորի կողքին: Գիտեք ինչ, ուզում եք դուրս գանք ու պատահական հարցնենք ցանկացած մարդու, թե ոնց է վերաբերվում զինվորին, բոլորը հրաշալի կխոսեն, ամենալավ խոսքերը կլսենք, ամեն բան կասեն, բայց հիմա, երբ այստեղ` իրենց կողքին, կանգնած են ապրիլյան օրերի քաջ տղաները, որոնց համար աղոթում, լացում ու ասում էին` ամեն բան կանենք, նրանք կանգնել են այսպիսի խայտառակ հարցի առաջ ու մեծամեծ խոստում տվողները լռում են, մոռացել են այդ օրերը, ո՞ւր են այն ազդեցիկ մարդիկ, որ ունեն մեծ հարստություն, հեղինակություն, ինչո՞ւ չեն կանգնում մեր կողքին ու պահանջում, որ այս տղաներին պիտի հարգել և չհերքել նրանց պատերազմի մասնակից լինելու փաստը: Պատերազմի մասնակցել են բոլոր նրանք, ովքեր եղել են առաջնագծում: Այդ օրերին մեզ միացել են կամավորներ, ովքեր տեսել են տղաների սխրանքը և այսօր ջնջել, հերքել այդ փաստը` դա ստորություն է ու պատմության աղավաղում: Մեր միավորումն անկախ է և ազատ ու մենք՝ մեր համեստ ուժերով, պայքարելու ենք այս հարցի արդարացի լուծման համար, վստահ ենք` մեզ կմիանան շատ ազնիվ և արդար մարդիկ ու կօգնեն, որովհետև մենք խրամատներից եկած տղաներն ենք ու հանուն Հայրենիքի ենք գործում:

-Ձեր միավորումը կարո՞ղ է լինել հակակշիռ ԵԿՄ-ին, որն է լինելու Ձեր տարբերությունը:
-Ոչ մի հակակշիռ և տարբերություն չենք ուզում, ուզում ենք միավորում ու մեզ չենք տարբերում մեր մեծերից, նրանցից ենք սովորել ամեն բան ու առանց մեր մեծերի օգնության մենք թույլ կլինենք: Ու մեր մեծերը պիտի գիտակցեն, որ մենք չենք եկել հակադրվելու, այլ եկել ենք նրանցից լավը սովորելու: ԵԿՄ-ի անդամ շատ հզոր ու հայրենասեր հերոսներ ունենք, հարգում ենք բոլոր նրանց, ովքեր օրինակ են եղել մեզ համար: Մենք՝ երիտասարդներս, իրենց շարունակությունն ենք, միայն մեր միջոցով կարող են իրենք շարունակություն ստանալ: Մենք չենք ճանաչում մարդկանց իրենց պաշտոնով կամ արհեստական կոչումով, մենք ճանաչում ենք իրենց արած գործերով: Ու գիտենք նաև այն համեստ մարդկանց, ովքեր էլի գործի մարդ են եղել ու անտեսվել են: Մենք այդ սխալը չենք պատրաստվում կրկնել, մենք չենք պատրաստվում թողնել մեր համեստ ու ազնիվ ընկերներին ու մեզ շրջապատել լավ փիառշիկներով, պաշտոնյաներով կամ էլ հեղինակություններով: Մեր կողքին կարող են լինել բոլոր նրանք, ովքեր ազնիվ են և արդար: Մենք պիտի լինենք մեր զոհված ընկերների սուրբ գործին շարունակություն տվողը, ու մեզ կարող են միանալ նրանք, ովքեր լսելու, ներելու, նվիրվելու հատկանիշ ունեն, հասկանում են, թե ինչ է հայրենիքը ու գիտեն` ինչպես պայքարել հայրենիքի համար:

-Բոլորովին վերջերս ձեր տղաների ու մշակույթի նախարարի միջև տեղի ունեցավ հանդիպում, ի՞նչ հարցեր եք քննարկել, կա՞ն համատեղ ծրագրեր:
-Մեր կազմակերպության անդամներից՝ ապրիլյան պատերազմի 10-ը մասնակից, ամենածանր վիրավորում ստացած տղաներից են , ովքեր այսօր ունեն բուժման կարիք: Ու նրանք մեր զոհված տղաներից հետո այս հայրենիքի համար ամենաթանկն են վճարել` իրենց առողջությամբ: Համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ ու մի շարք երգիչ-երգչուհիների հետ, պատրաստվում ենք Բանակի օրվան ընդառաջ, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում բարեգործական համերգ անցկացնել, որի հասույթը կտրամադրվի նոր կառուցվող վերականգնողական կենտրոնի վերանորոգման որոշ ծախսերի համար: Մշակույթի նախարարը, հանդիպման ժամանակ, իր շնորհակալությունը հայտնեց տղաներին ու ասաց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու` մարզերում ու Արցախում էլ ենք այն իրականացնելու:

ArmLife.am