Search
Close this search box.

ՔՊ–ն չի միանա ընդդիմության հայտարարությանը. Շուշիի հռչակագիրն արդեն դատապարտել են

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միանա Շուշիի հռչակագիրը դատապարտող` ընդդիմության հայտարարությանը։ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժաղովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ընդունած «Շուշիի հռչակագիրը»: Նախագծում նշված է, որ պետք է գնահատական տալ հռչակագրին, որովհետև այն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ:
«Դեռևս 8 ամիս առաջ` 2021-ի հունիսին, ՀՀ ԱԳՆ–ն անդրադարձել է այս խնդրին` հրապարակային հայտարարության և մեկնաբանությունների տեսքով։ Առաջարկվող նախագծում ԱԳՆ արված հայտարարության առաջնային թեզերի գրեթե լրիվ կրկնությունն է»,–ասաց Արսենյանը։

Նրա խոսքով` ՀՀ խորհրադարանը և արտաքին գործերի նախարարությունը պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն։
Արսենյանը հավելեց, թե խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը չի սկսվում և ավարտվում հայտարարություններով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Երկու երկրների խորհրադարաններն էլ արդեն վավերացրել են այն։