Search
Close this search box.

Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանի հավաքականին զրկեց 2018թվ օլիմպիական խաղերին մասնակցելուց

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը Լոզանում կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել հեռացնել Ռուսաստանի օլիմպիական հավաքականին 2018 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերից՝ կապված դոպինգ-սկանդալի հետ: Այն ռուս մարզիկները, որոնք դոպինգ-սկանդալի մասնակիցներ չեն, հնարավորություն կստանան մասնակցելու խաղերին Օլիմպիական դրոշի ներքո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հրավիրված մարզիկները կմասնակցեն «Ռուսաստանցի օլիմպիական մարզիկ» անվան տակ: Նրանք պետք է մրցեն միայն այդ անունով և Օլիմպիական դրոշի ներքո: Օլիմպիական հիմնը կհնչի յուրաքանչյուր արարողության ժամանակ»,- ասվում է ՄՕԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձեւի 15 մրցաձեւում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»:

2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները կշռում են 493-586 գրամ եւ արտացոլում են հարավկորեական ավանդույթներն ու մշակույթը: Մեդալների դիզայնը ծառի կոճղերի հյուսվածքների տեսքով է, որի առջեւում պատկերված են օլիմպիական օղակները, իսկ հետեւում՝ Փհենչհան-2018-ի լոգոն: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 259 մեդալ:
Փհենչհան 2018-ի ջահը 700 մմ երկարություն ունի, որը ներկայացնում է այդ քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից (700 մ): Ջահի հիմնական գույներն են սպիտակն ու ոսկեգույնը: Ջահի վերին հատվածի հինգ անկյունները խորհդանշում են սպորտի ոգին, որը միավորում է բոլոր ռասաները, ազգերը, կրոնները, գենդերները եւ մշակույթները: Ինչպես նաեւ այն խորհրդանշում է օլիմպիական ընտանիքի հինգ մայրցամաքները:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երկայացնում է Փհենչհան-2018-ի խորհրդանիշերը.

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տարբերանշանն(լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին բաղաձայնը: Տարբերանշանն առաջին հերթին խորհրդանշում է երկնքի, երկրի եւ մարդկության ներդաշնակությունը, ապա ձյունն ու սառույցը, ինչպես նաեւ մարզիկների աստղային ելույթները: